Չարությունը հսկողությունից դո՞ւրս է
Հետաքրքրասեր փոքրիկ տղան ականապատ դաշտում իր ձեռքն է վերցնում ինչ–որ առարկա և հանկարծ... կուրանում է ու իր ամբողջ կյանքում անդամալույծ դառնում։ Մայրը հրաժարվում է իր նորածին մանկիկից՝ թողնելով նրան ճանապարհի եզրին գտնվող աղբանոցում։ Իր աշխատանքը կորցրած մի մարդ վերադառնում է նախկին աշխատավայրը, զենքով սպանում է իրեն հանդիպած բոլոր մարդկանց և ապա ինքնասպան է լինում։ Հարգանք վայելող քաղաքացին սեռական հողի վրա շահագործում է անպաշտպան երեխաներին։
ՑԱՎԱԼԻ է, բայց նման չար արարքները սովորական բան են դարձել մեր օրերում։ Սակայն ավելի ցավալին այն է, որ հաճախ այդ արարքների վրա ստվեր են գցում էթնիկական մաքրումներն ու ահաբեկչական գործողությունները։ «Այս 20–րդ դարը Սատանայի դար է,— գրվել է 1995 թ. լույս տեսած մի հրատարակչության մեջ։ Անցած դարերից և ոչ մեկում մարդիկ չեն ներդրել այս աստիճանի ահռելի կարողություններ ու ջանքեր՝ բնաջնջելու միլիոնավոր ուրիշ մարդկանց ռասայական, դասակարգային խտրականության ու կրոնական ատելության պատճառով, որքան այս դարում»։
Այս ամենի հետ մեկտեղ մարդիկ աղտոտում են օդը, ապականում են երկրագունդը, սպառում են նրա ռեսուրսները և այնքան մեծ թվով կենդանիներ են ոչնչացնում, որ նրանց որոշ տեսակներ գրեթե անհետանում են երկրի երեսից։ Կարո՞ղ է արդյոք մարդկությունը հաղթել այս համատարած չարությանը և աշխարհը դարձնել ավելի լավ ու ավելի ապահով մի վայր։ Թե՞ այդ գործին ձեռնամուխ լինելու փորձերը նման կլինեն ավելով ջրի հոսանքը ետ մղելուն։ Մի պրոֆեսոր, որն իր աշխատություններում հաճախակի է անդրադարձել չարության թեմային, ասել է. «Աշխարհում հիմնահատակ փոփոխություններ մտցնելու, աշխարհը բարեփոխելու անչափ մեծ կարիք եմ զգում։ Սակայն այս աշխարհը առանձնապես չի փոխվում»։ Թերևս դուք էլ նույն կարծիքին եք։
Աշխարհի բռնած ընթացքը կարելի է նմանեցնել մի նավի, որը նավարկում է այնպիսի ծովով, որն օրեցօր ավելի փոթորկալից ու վտանգավոր է դառնում։ Չնայած նավի վրա գտնվողներից ոչ մեկը չի ցանկանում այդ ուղղությամբ ընթանալ, սակայն ընթացքը փոխելու նրանց բոլոր ջանքերը անհաջողության են մատնվում։ Առանց կանգ առնելու՝ նավը սրընթաց լողում է դեպի մահաբեր փոթորիկը։
Որոշ առումներով՝ այս վատթարացող իրավիճակը կարող ենք վերագրել մարդկային անկատարությանը (Հռոմեացիներ 3։23)։ Սակայն չարության աստիճանը, նրա ընդգրկած ծավալն ու դաժանության աստիճանը այնքան մեծ են, որ դա չի կարելի վերագրել միայն մարդկանց։ Հնարավո՞ր է արդյոք, որ մարդիկ ղեկավարվեն ինչ–որ մի անտեսանելի, սակայն հզոր ու չար ուժի կողմից։ Եթե այո, ապա ի՞նչ ուժ է դա, և ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ պաշտպանել այդ ուժից։ Հաջորդ հոդվածում դուք կարող եք գտնել այս հարցերի պատասխանները։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
© Heldur Netocny/Panos Pictures