Դուք վախո՞վ եք նայում ապագային
ՄԱՐԴԻԿ վախենալու տարբեր պատճառներ ունեն։ Օրինակ՝ ոմանք վախենում են այն բանից, թե ինչ է սպասում երկրագնդին։ Ինչպես նշվում է 2006 թ. ապրիլի 3–ի «Թայմ» հանդեսում, «տաք հոսանքները, փոթորիկները, ջրհեղեղները, հրդեհներն ու սառցադաշտերի հալոցքը մատնացույց են անում, որ երկրագնդի կլիմային մեծ վտանգ է սպառնում»։
2002 թ. մայիսին ՄԱԿ–ի շրջակա միջավայրի պահպանման ծրագիրը «Շրջակա միջավայրի վիճակը ամբողջ աշխարհում–3» վերնագրով մի զեկույց ներկայացրեց։ Այս ծրագրի մեջ ընդգրկված էին ավելի քան 1000 մարդ, որոնք քաջատեղյակ էին շրջակա միջավայրի խնդիրներին։ Զեկույցում նշվում էր. «Մեր մոլորակը գտնվում է մի վտանգավոր «խաչմերուկում», քանի որ այսօր կայացրած բոլոր որոշումները կարող են լրջորեն ազդել անտառների, օվկիանոսների, գետերի, լեռների, կենդանական աշխարհի և էկոլոգիայի վրա, որից մեծ կախում ունեն ներկա և ապագա սերունդները»։
Շրջակա միջավայրի համաշխարհային վիճակը մտահոգության տեղիք տվող պատճառներից միայն մեկն է։ Այսօր բոլոր մարդկանց մեծ վախ են ներշնչում ահաբեկչական հարձակումները։ Կանադայի գաղտնի գործակալության փոխտնօրենն ասաց. «Մենք կորցրել ենք մեր քունը՝ վախենալով սպառնալիքներից, քանի որ չգիտենք, թե դրանք երբ և ինչպես կիրագործվեն»։ Բավական է միայն երեկոյան ժամերին հեռուստացույցով լուրեր լսել, և դա արդեն մտահոգությունների տեղիք է տալիս։
Շատ աշխատասեր մարդիկ վախենում են կորցնել իրենց աշխատանքը։ Կրճատման տակ ընկնելու վտանգը, գործարանների փակվելը, մրցակցությունը աշխատավայրում և գործատերերի ծայրահեղ պահանջները կարող են աշխատանքի առնչությամբ անկայուն իրավիճակ ստեղծել։ Պատանիները վախենում են մերժվել իրենց հասակակիցների կողմից։ Փոքր երեխաները գուցե վախենում են այն բանից, որ իրականում իրենց ծնողները չեն սիրում իրենց։ Իսկ ի՞նչ են նրանք զգում աշխարհում տիրող իրավիճակների առնչությամբ։ Մի մայր անհանգստացած ասում է. «Ժամանակ առ ժամանակ պատանիներին ու անփորձ երեխաներին թվում է, թե աշխարհը նման է մի մեծ ու սարսափելի վայրի»։ Շատ ծնողներ մտահոգված են այն բանով, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ աշխարհի աղավաղված բարոյական չափանիշները նրանց վրա, ում նրանք սիրում են, հատկապես իրենց երեխաների վրա։
Տարեցները հաճախ վախենում են, որ կընկնեն աստիճաններից կամ էլ իրենց վրա հարձակում կգործեն փողոցում։ Այո, նրանք «մի բարձր տեղից մինչեւ անգամ կ’վախենան, եւ վախվախելով կ’գնան ճանապարհը» (Ժողովող 12։5)։ Նաև վախ կա լուրջ հիվանդություններ ձեռք բերելու հանդեպ։ Մահացու վիրուսների, քաղցկեղի և ինֆեկցիոն հիվանդությունների մասին տեղեկությունները կարող են վախ ներշնչել, քանի որ հնարավոր է վարակվենք նոր տեսակի հիվանդությամբ, որը կարող է վնասել կամ սպանել մեզ և մեր ընտանիքին։ Այդ պատճառով էլ, երբ մենք տեսնում ենք, որ առողջ և առույգ մարդիկ հիվանդանում են ու թուլանում, դժվար է չանհանգստանալ, որ նույնը կպատահի նաև մեզ կամ մեր սիրելի անհատին։ Որքա՜ն ցավալի է նայել հիվանդ մարդու աչքերին և հասկանալ, որ նա անհույս վիճակում է գտնվում։
Ուստի քանի որ այսօր վախենալու տարբեր պատճառներ կան, արդյոք ունե՞նք որևէ հիմնավոր պատճառ՝ ապագային լավատեսորեն նայելու համար։ Կարո՞ղ է ինչ–որ բան օգնել մեզ դրական տեսակետ պահպանել։ Հաջորդ հոդվածում կգտնեք այս հարցերի պատասխանները։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
© Jeroen Oerlemans/Panos Pictures