Այո՛, հեշտ է ընթերցել, բայց արդյո՞ք ճշգրիտ է
ԱՆԳԼԻԱՅԻ եկեղեցին 2005 թվականի սեպտեմբերին մեծ խանդավառությամբ հավանություն տվեց «100–րոպեանոց Աստվածաշնչի» լույս ընծայմանը։ Նախատեսված լինելով 100 րոպեում ընթերցելու համար՝ այս նոր թարգմանության մեջ Եբրայերեն Գրությունները ամփոփված են ընդամենը մեկական էջ զբաղեցնող 17 բաժիններում, իսկ Հունարեն Գրությունները՝ 33։ Ինչպես նշում է մի տեսաբան, այնտեղ բաց են թողնված բոլոր «ձանձրալի» մասերը։ Ճիշտ է, այն հեշտ է ընթերցել, բայց արդյո՞ք ճշգրիտ է։
Բացի այն, որ այս թարգմանության մեջ բաց է թողնված Աստծու Եհովա անունը, Աստվածաշնչի բարեխիղճ ուսումնասիրողները մի շարք ուրիշ շեղումներ էլ կնկատեն (Սաղմոս 83։18)։ Օրինակ՝ առաջին բաժնում նշվում է, որ Աստված «երկինքն ու երկիրը արարել է վեց օրերի ընթացքում», մինչդեռ Ծննդոց 1։1–ում պարզապես ասվում է. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը»։ Դրանից հետո բնագիր արձանագրության մեջ նշվում է, որ հաջորդող արարչագործությունները, այդ թվում նաև երկիրը ստեղծվել են վեց «օրերի» կամ ժամանակահատվածների ընթացքում։ Ապա Ծննդոց 2։4–ը ամփոփում է արարչագործության ամբողջ ժամանակահատվածը՝ այն անվանելով «այն օրն որ Եհովայ Աստուածը երկիրն ու երկինքը արաւ»։
Ըստ «100–րոպեանոց Աստվածաշնչի»՝ Հոբը, որն անարատ մարդ էր, հարձակման ենթարկվեց «[Աստծու] ծառաներից մեկի՝ Սատանայի [կողմից], .... որի պարտականությունն էր գործել որպես մարդկությանը մեղադրող»։ Արդյոք դուք այստեղ հակասություն չե՞ք տեսնում։ «Սատանա» բառը նշանակում է «Հակառակորդ»։ Իրականում Սատանան ոչ թե Աստծու ծառան էր, այլ գլխավոր թշնամին և ինքն իր կամքով էր իրեն դարձրել մարդկության մեղադրողը (Յայտնութիւն 12։7–10)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել «100–րոպեանոց Աստվածաշնչի» Քրիստոնեական Հունարեն Գրությունների մասին։ Այդ նոր թարգմանության մեջ նշվում է, որ այծերի և ոչխարների մասին առակում Հիսուսը հավանություն է տալիս նրանց, ովքեր օգնում են «ցանկացած անհատի, թեկուզև աննշան մեկի», մինչդեռ Հիսուսն իրականում ասաց, որ օրհնում է նրանց, ովքեր բարիք են անում իր հետքերով գնացողներին, այսինքն՝ իր «եղբայրներին» (Մատթէոս 25։40)։ Իսկ «Հայտնության» ամփոփ արձանագրության մեջ ասվում է, որ «Հռոմը՝ մեծ Բաբելոնը, ամբողջությամբ ոչնչացվելու է»։ Սակայն Աստվածաշունչն ուսումնասիրողները գիտեն, որ բնագրերի և ոչ մի հատված հիմք չի տալիս «Մեծ Բաբելոնը» նման կերպով բնորոշելու (Յայտնութիւն 17։15–18։24)։
Նրանց համար, ովքեր ցանկանում են ճանաչել մեր Արարչին և հասկանալ նրա նպատակները, ոչինչ չի կարող փոխարինել ամբողջական Աստվածաշնչին։ Ճիշտ է, Աստվածաշունչ ընթերցելը 100 րոպեից ավելի շատ ժամանակ է պահանջում, սակայն դա կարող է անգին վարձատրություններ բերել (Յովհաննէս 17։3)։ Ուստի ջանք թափեք, որ Աստվածաշունչն ամբողջությամբ ընթերցեք և արդյունքում մեծ վարձատրություններ կստանաք (Բ Տիմոթէոս 3։16, 17)։