Տղամարդ և կին. ստեղծված են միմյանց համար
ՏՂԱՄԱՐԴԸ և կինը միշտ ձգտել են միասին լինել։ Այդպես էր ցանկացել Աստված։ Եհովան տեսավ, որ առաջին մարդու՝ Ադամի համար լավ չէ միայնակ ապրելը։ Ուստի Աստված որպես լրացում «մի օգնական» տվեց նրան։
Եհովան խոր քուն բերեց Ադամի վրա, այնուհետև վերցրեց Ադամի կողոսկրերից մեկը և «մի կին շինեց եւ նորան բերաւ Ադամի մօտ»։ Եհովայի այդ գեղեցիկ ստեղծագործությունը տեսնելով՝ Ադամը այնքան տպավորվեց, որ բացականչեց. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը»։ Իր կանացի հատկություններով կատարյալ կինը՝ Եվան, իրոք որ գրավիչ էր։ Իսկ կատարյալ Ադամը իր տղամարդկային արժանապատվությամբ հարգանքի էր արժանի։ Նրանք միմյանց համար էին ստեղծված։ Աստվածաշնչում գրված է. «Սորա համար մարդը կ’թողէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։18–24)։
Սակայն այսօր շատ ընտանիքներ պառակտված են ու տղամարդու և կնոջ միջև հարաբերությունները հաճախ ոտնահարվում են կոպիտ և վիրավորական վերաբերմունքի պատճառով կամ էլ այդ հարաբերություններում եսասիրությունն է գերիշխում։ Սեռերի միջև մրցակցության ոգին ընդհարումների և տարաձայնությունների է հանգեցնում։ Այս ամենը հակառակ է Աստծու նպատակին, որ նա ուներ տղամարդու և կնոջ առնչությամբ։ Տղամարդը ստեղծված էր, որպեսզի երկրի վրա հրաշալի դեր իրականացներ։ Իսկ կինը պետք է զբաղեցներ իր անզուգական և արժանավայել տեղը տղամարդու կողքին։ Նրանք պետք է ներդաշնակորեն համագործակցեին իրար հետ։ Սկսած այն ժամանակից, երբ մարդ արարածը գոյություն ունի, աստվածավախ տղամարդիկ ու կանայք փորձել են հավատարմորեն կատարել իրենց դերը, որը Եհովան նախատեսել էր իրենց համար, և դա նրանց երջանկություն ու բավականություն է պատճառել։ Ո՞րն է այդ դերը, և ինչպե՞ս մենք կարող ենք այն կատարել։
[նկար 3–րդ էջի վրա]
Տղամարդը և կինը ստեղծված են, որպեսզի իրենց արժանավայել դերը կատարեն Աստծու հիմնադրած ամուսնական կառույցի մեջ