Մարդկությունը հավիտենական կյանք փնտրելու ճանապարհին
ՎԱՂ ժամանակներից մարդիկ երազել են հավիտյան ապրելու մասին։ Սակայն այդ երազանքը այդպես էլ չի իրականացել. ոչ ոք չի գտել մահվան դեմ հաղթանակ տանելու միջոցը։ Սակայն վերջերս կատարված բժշկական հետազոտությունները նոր հույս են տալիս, որ մարդկային կյանքն իրոք կարելի է երկարացնել։ Ուշադրություն դարձրեք, թե գիտության տարբեր բնագավառներում ինչ հետազոտություններ են կատարվում։
Կենսաբանները փորձեր են կատարում տելոմերազ ֆերմենտով՝ ձգտելով այնպես անել, որ բջիջները ավելի երկար ժամանակ վերարտադրվեն։ Գիտնականները գիտեն, որ ծեր, մահացող բջիջները վերանում են և փոխարինվում նորերով։ Փաստն այն է, որ օրգանների մեծ մասը մարդու կյանքի ընթացքում մի քանի անգամ ամբողջովին նորոգվում է։ Հետազոտողները մտածում են, որ եթե նորոգման այս պրոցեսը հնարավոր լիներ երկարացնել, «մարդու մարմինը կարող էր նորոգել ինքն իրեն շատ երկար ժամանակ, նույնիսկ հավիտյան»։
Թերապևտիկ կլոնավորումը՝ հետազոտության մի վիճաբանական բնագավառ, իրականում կարող է տրամադրել մարդուն նոր և կատարելապես համապատասխան լյարդ, երիկամներ կամ սիրտ՝ փոխպատվաստման համար։ Այդ օրգանները հնարավոր է կրկնօրինակել՝ օգտագործելով մարդու սեփական ցողունային բջիջները։
Նանոտեխնոլոգիայի մասնագետները կանխատեսում են, որ կգա ժամանակ, երբ բժիշկները կկարողանան բջջի չափ ռոբոտներ ստեղծել ու մտցնել երակների մեջ՝ գտնելու և ոչնչացնելու քաղցկեղի բջիջները և վնասակար բակտերիաները։ Ոմանք կարծում են, որ շնորհիվ գիտության այս բնագավառի և գենոթերապիայի՝ ի վերջո մարդու օրգանիզմը կկարողանա անվերջ վերականգնել ինքն իրեն։
Սառեցման կողմնակիցները սառեցնում են մահացածների մարմինները։ Դրա նպատակն այն է, որ պահպանեն նրանց, մինչև բժշկության առաջընթացը հնարավորություն կտա բուժել հիվանդությունները, չեզոքացնել ծերության հետևանքները և մահացածներին վերադարձնել կյանք և առողջություն։ Մի պարբերագրում այս հասկացությունը կոչվում է «հին եգիպտացիների զմռսելու ժամանակակից ձևը» («The American Journal of Geriatric Psychiatry»)։
Անմահություն գտնելու մարդու անհագ փնտրտուքները ցույց են տալիս, թե որքան դժվար է ընդունել այն միտքը, որ անհատը ի վերջո դադարելու է գոյություն ունենալ։ Իսկապե՞ս հնարավոր է, որ մարդիկ հավիտենական կյանք ձեռք բերեն։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Հաջորդ հոդվածում կգտնեք այս հարցերի պատասխանները։