«Իննամյա տղայի շնորհիվ»
ԵՐԲ էլ որ Եհովայի վկաները թակում էին Վիեսլավայի դուռը, որն ապրում է Լեհաստանի հարավում, նա միշտ քաղաքավարությամբ շնորհակալություն էր հայտնում նրանց և հրաժարվում զրուցել։ Մի օր նրա տուն եկավ իննամյա Սեմյուելը իր մոր հետ։ Այս անգամ Վիեսլավան որոշեց լսել և վերցրեց մի պարբերագիր այն մասին, որ շուտով երկիրը վերածվելու է դրախտի։
Քանի որ մոտենում էր Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն, Սեմյուելը ցանկացավ հրավիրել Վիեսլավային այս հատուկ իրադարձությանը։ Այսպիսով, իր մոր ուղեկցությամբ տղան կրկին այցելեց Վիեսլավային՝ այս անգամ իր հետ բերելով տպագրված հրավիրատոմս։ Տեսնելով, որ տղան կոկիկ է հագնված՝ Վիեսլավան ներողություն խնդրեց և կարճ ժամանակով հեռացավ, որպեսզի կարգի բերի իրեն։ Երբ նա վերադարձավ, լսեց Սեմյուելին, վերցրեց հրավիրատոմսը և ասաց. «Կարո՞ղ եմ գալ ամուսնուս հետ, թե՞ մենակ պետք է գամ»։ Այնուհետև ավելացրեց. «Նույնիսկ եթե ամուսինս չգա, ես կգամ։ Ես դա կանեմ քե՛զ համար, Սեմյուել»։ Ի ուրախություն Սեմյուելի՝ Վիեսլավան պահեց իր խոսքը։
Հիշատակի երեկոյի ելույթի ժամանակ Սեմյուելը նստել էր Վիեսլավայի կողքին և ցույց էր տալիս քննարկվող սուրբգրային համարները։ Դա տպավորեց Վիեսլավային։ Նրան շատ դուր եկավ Հիշատակի երեկոն, և նա երախտագետ էր այն բանի համար, որ խորը մտքերը բացատրվում էին պարզ բառերով։ Նա նաև շատ էր տպավորվել ժողովի ջերմ ընդունելությունից և ցուցաբերած բարությունից։ Այդ ժամանակից ի վեր Վիեսլավան ավելի ու ավելի է գնահատում հոգևորը և սկսել է կանոնավորաբար շփվել Եհովայի վկաների հետ։ Վերջերս նա ասաց. «Ես ամաչում եմ, որ անցյալում չէի լսում ձեզ, երբ գալիս էիք իմ տուն։ Եվ պետք է ընդունեմ, որ լսեցի ձեր լուրը միմիայն իննամյա տղայի՝ Սեմյուելի շնորհիվ»։
Լեհաստանում ապրող Սեմյուելի նման՝ բազմաթիվ պատանի Եհովայի վկաներ իրենց խոսքով և վայելուչ վարքով փառաբանում են Եհովային։ Նույնիսկ եթե պատանի ես, դու կարող ես օգնել անկեղծ սրտով անհատներին գնահատելու հոգևոր արժեքները։