Այցելություն, որը փոխեց նրա կյանքը
«ԵՍ ԱՆՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ սպասում էի, թե երբ պիտի ընտանիքիս անդամներին պատմեմ այն երկու «հրեշտակների» մասին, որոնց Աստված ուղարկել էր ինձ մոտ»։ Այսպես արտահայտվեց մի տղամարդ, որին այցելել էին երկու երիտասարդ Եհովայի վկա կանայք։ Մի քանի շաբաթ առաջ նա կորցրել էր իր 45–ամյա կնոջը։ Այդ տղամարդը շատ վշտացած էր, ու թեև նրա չափահաս երեխաները նրան մխիթարում էին, սակայն հեռու էին ապրում։ Իսկ ընկերներից և հարևաններից ոչ ոք չէր այցելել նրան։
Երբ երկու երիտասարդ կանայք այցելել էին, այդ տղամարդն ասել էր. «Ես չեմ աղոթում Աստծուն, քանի որ մտերիմ չեմ նրա հետ»։ Սակայն նրանք կարեկցել էին նրան և տվել էին Աստվածաշնչի վրա հիմնված մի փոքրիկ թերթիկ, որի վերնագիրն էր՝ «Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար»։ Այդ երեկո նա կարդացել էր թերթիկը և մխիթարություն գտել։
Կարճ ժամանակ անց այդ երկու կանայք վերադարձել էին։ Նրանք հիշել էին, թե որքան տխուր էր եղել այդ մարդը նախորդ այցելության ժամանակ և եկել էին տեսնելու, թե ինչպես էր նա իրեն զգում։ «Ես ապշել էի,— գրում է այդ մարդը։— Երկու օտար անհատներ մտածել էին իմ մասին և մտահոգված էին իմ բարօրությամբ»։ Նրան քաջալերել էին այն մտքերը, որոնք երկու Վկաները կարդացել էին Աստվածաշնչից։ Այդ կանայք ասել էին, որ կրկին կայցելեն նրան։ Դա ուրախություն էր պատճառել նրան ու մղել, որ գրի վերոհիշյալ նամակը և ուղարկի Եհովայի վկաների տեղի Թագավորության սրահը։
Նախքան իր երեխաներից մեկի բնակավայր տեղափոխվելը նա ներկա էր եղել Եհովայի վկաների հանդիպումներից մեկին, նաև ճաշել այն երիտասարդ կանանցից մեկի ընտանիքի հետ։ Նա գրել էր. «Ես հեռանում եմ այս բնակավայրից, սակայն այդ երիտասարդ անհատները և ձեր եկեղեցին միշտ իմ սրտում և աղոթքներում տեղ կունենան։ Այո, ես հիմա շատ եմ աղոթում։ Իմ կյանքում մեծ փոփոխություն է տեղի ունեցել։ Այն երիտասարդները մեծ դեր են խաղացել դրանում, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրանց»։