Հասեք երեխայի սրտին
ՉԵ՞Ք տխրել, երբ տեսել եք երեխաներին կռիվ–կռիվ խաղալիս։ Այսօր զվարճությունները հագեցած են բռնությամբ։ Այժմ այդպիսի խաղեր են խաղում նույնիսկ շատ փոքր երեխաները։ Ինչպե՞ս կօգնեիք երեխային, որ խաղա պատերազմի հետ կապ չունեցող խաղեր։ Վալտրաուդ անունով մի Եհովայի վկա, որը երկար տարիներ Աֆրիկայում ծառայում է որպես միսիոներ, օգնեց մի փոքրիկի այդպես անել։
Պատերազմի պատճառով Վալտրաուդը ստիպված էր տեղափոխվել աֆրիկական մեկ ուրիշ երկիր։ Այնտեղ նա սկսեց Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել մի կնոջ հետ, որը հինգ տարեկան տղա ուներ։ Այդ կնոջն ամեն անգամ այցելելիս նա տեսնում էր, որ երեխան խաղում էր պլաստմասսայե հրացանով, որը նրա միակ խաղալիքն էր։ Վալտրաուդը նկատում էր, որ երեխան երբեք որևէ բանի նշան չէր բռնում, այլ միայն բացում ու փակում էր հրացանը, կարծես լիցքավորում էր այն։
Մի անգամ Վալտրաուդը երեխային ասաց. «Վե՛րներ, գիտե՞ս, թե ինչու եմ ես ապրում ձեր երկրում։ Պատերազմի պատճառով։ Ես ստիպված էի փախչել վտանգավոր մարդկանցից։ Նրանք մարդկանց վրա կրակում էին այնպիսի հրացաններով, ինչպիսին որ քոնն է։ Ի՞նչ ես կարծում, կրակելը լա՞վ բան է»։
— Չէ՛,— տխուր պատասխանեց Վերները։
— Ճիշտ է, ապրե՛ս։ Իսկ գիտե՞ս, թե ինչու եմ ամեն շաբաթ այցելում քեզ ու մայրիկիդ։ Որովհետև Եհովայի վկաները ցանկանում են օգնել մարդկանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն Աստծու և հարևանների հետ։— Վերների մայրիկի համաձայնությամբ Վալտրաուդը երեխային ասաց. «Վե՛րներ, տո՛ւր ինձ քո հրացանը։ Ես այն դեն կնետեմ, իսկ դրա փոխարեն քեզ կնվիրեմ խաղալիք բեռնատար մեքենա»։
Վերները խաղալիք հրացանը մեկնեց նրան։ Չորս շաբաթ անց նա ստացավ իր նոր խաղալիքը՝ մի չորսակնանի փայտե բեռնատար, որն ընդունեց՝ լայն ժպիտը դեմքին։
Իսկ դուք ժամանակ տրամադրո՞ւմ եք ձեր երեխաներին՝ ջանալով հասնել նրանց սրտին, այնպես, որ նրանք կամովի ձերբազատվեն պատերազմի զենքեր ընդօրինակող խաղալիքներից։ Եթե այո, ապա կկարողանաք նրանց սովորեցնել մի արժեքավոր դաս, որը նրանց օգուտ կբերի ամբողջ կյանքի ընթացքում։