Աղքատություն. իրավիճակն այսօր
ՎԻՍԵՆՏԵԻՆa հաճախ կարելի է տեսնել ծանր սայլը քարշ տալիս Սան Պաուլուի փողոցներում (Բրազիլիա)։ Նա հավաքում է ստվարաթուղթ, մետաղի ջարդոն և պլաստմասսա։ Երբ գիշեր է գալիս, նա ստվարաթղթի մի կտոր դնում է սայլի տակ ու պառկում քնելու։ Նա կարծես չի զգում անցնող մեքենաների աղմուկը։ Վիսենտեն ժամանակին ուներ աշխատանք, տուն և ընտանիք, բայց այդ բոլորը կորցրեց։ Այժմ նա փողոցներում մի կերպ պահպանում է իր գոյությունը։
Դժբախտաբար, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են Վիսենտեի պես ապրում անհուսալի թշվառության մեջ։ Զարգացող երկրներում շատերը ստիպված ապրում են փողոցում կամ ետնախորշերում։ Սովորական բան է տեսնել մուրացկանների՝ կաղերի, կույրերի և ծծկեր երեխաները ձեռքին կանանց։ Երեխաները վազվզում են լուսակիրների տակ կանգ առած մեքենաների արանքներով և փորձում են կոնֆետներ վաճառել մի քանի կոպեկ աշխատելու հույսով։
Դժվար թե ինչ–որ մեկը կարողանա ապացուցել, որ այդպիսի աղքատությունը բնական է։ Բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը գրում է. «Մինչև օրս մարդկությունն այսքան հարուստ չի եղել, բժշկության ասպարեզում այսքան մեծ նվաճումների չի հասել, գիտատեխնիկական առաջընթաց չի ապրել և չի ունեցել մտային այսքան շատ հնարավորություններ, որպեսզի կարողանար վերջ դնել աղքատությանը»։ Անշուշտ, այս առաջընթացը շատերին է օգուտ բերում։ Մի քանի զարգացող երկրներում մեծ քաղաքների փողոցները լեփ–լեցուն են շողշողացող նոր մեքենաներով։ Առևտրի կենտրոնները լի են տեխնիկայի վերջին նորույթներով, իսկ գնորդների պակասությունից բողոքել չի կարելի։ Բրազիլիայում առևտրի երկու կենտրոններ հատուկ քայլերի դիմեցին առևտուրը խթանելու համար։ Նրանք աշխատեցին 2004 թ. դեկտեմբերի 23–ի լույս 24–ի գիշերը, իսկ կենտրոններից մեկը վարձեց սամբա պարողների՝ գնորդներին զվարճացնելու նպատակով։ Այս առիթով մոտ 500 000 մարդ այցելեց այդ խանութները։
Բայցևայնպես, բազմաթիվ մարդիկ անմասն են մնում այն հարստությունից, որ վայելում են ոմանք։ Հարուստների և աղքատների միջև խոր անդունդը շատերին հանգեցրել է այն եզրակացության, որ աղքատությունն անհապաղ պետք է վերացնել։ Բրազիլական «Վեժա» հանդեսը գրում է. «Այս տարի [2005 թ.–ին] աղքատության դեմ պայքարի հարցը պետք է համաշխարհային ղեկավարների գլխավոր մտահոգությունը լինի»։ «Վեժան» նաև տեղեկացնում է, որ առաջարկ կա ստեղծել նոր «Մարշալի պլան», որի շնորհիվ օգնություն ցույց կտրվի ամենաաղքատ, հատկապես աֆրիկական երկրներին։b Թեև նման առաջարկները թողնում են այնպիսի տպավորություն, որ կարծես այս հարցում արդեն նշանակալից առաջընթաց կա, այդ նույն պարբերագիրն ավելացնում է. «Բազմաթիվ փաստեր կասկածի տակ են դնում նման առաջարկների արդյունավետությունը։ Եթե երկրների մեծամասնությունը հրաժարվում է օժանդակել, ապա պատճառն այն է, որ հատկացված գումարները հազվադեպ են հասնում այն մարդկանց, ում համար որ նախատեսված են եղել»։ Ցավոք, հատկացված միջոցների մեծ մասը, որ տրամադրում են առանձին պետություններ, միջազգային կազմակերպություններ և անհատներ, կաշառակերության և բյուրոկրատիզմի պատճառով երբեք չի հասնում այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը զգում են։
Հիսուսը գիտեր, որ աղքատությունը միշտ էլ լինելու է։ Նա այսպիսի խոսքեր ասաց. «Աղքատներն ամեն ժամանակ ունիք ձեզ հետ» (Մատթէոս 26։11)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ աշխարհում միշտ աղքատություն է լինելու։ Մի՞թե ոչինչ հնարավոր չէ անել իրավիճակը բարելավելու համար։ Իսկ ի՞նչ կարող է քրիստոնյա անձնավորությունն անել, որպեսզի օգնի աղքատներին։
[ծանոթագրություններ]
a Անունը փոխված է։
b «Մարշալի պլան» է կոչվում ԱՄՆ–ի կողմից հովանավորված այն ծրագիրը, որը նախատեսում էր օգնություն ցույց տալ եվրոպական երկրներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։