«Աստվածաշնչյան տեքստի երբևէ հայտնի ամենահին վկայակոչումները»
ՔՍԱՆՀԻՆԳ տարի առաջ հրեա հնագետները մի առանձնահատուկ հայտնագործություն արեցին։ Երուսաղեմից դուրս՝ Ենովմի ձորի զառիվայրում գտնվող գերեզմանոցներից մեկում, նրանք հայտնաբերեցին երկու գլանաձև ձեռագրեր։ Այդ արծաթե փոքրիկ ձեռագրերի վրա աստվածաշնչյան տեքստ էր արձանագրված։ Ձեռագրերը թվագրվում էին նախքան մ.թ.ա. 607 թ., երբ բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը։ Այդ տեքստում մեջբերված էին Թուոց 6։24–26-ում արձանագրված օրհնություններից մի քանիսը։ Երկու ձեռագրերում էլ մի քանի անգամ կրկնվում էր Աստծու անձնանունը՝ Եհովա։ Այդ արձանագրությունները համարվում են «հնագույն աշխարհի՝ մեզ հայտնի ամենահին ձեռագործ նմուշները, որոնք բովանդակում են հատվածներ Եբրայերեն Աստվածաշնչից»։
Որոշ գիտնականներ, սակայն, կասկածի են ենթարկել այդ ձեռագրերի թվագրությունը և պնդել, թե դրանք գրվել են մ.թ.ա. երկրորդ դարում։ Նման առարկությունը հիմնավորող գործոններից մեկն այն էր, որ այդ փոքրիկ ձեռագրերի սկզբնական լուսանկարների որակը թույլ չէր տալիս բավականաչափ խորը և մանրամասն ուսումնասիրություններ կատարել։ Մի խումբ գիտնականներ որոշեցին նոր հետազոտություններ կատարել այդ խնդրի հետ կապված տարաձայնությունները վերացնելու նպատակով։ Նրանք օգտագործեցին գերզարգացած լուսանկարչական և համակարգչային սարքավորումներ, որպեսզի կարողանան ձեռք բերել այդ ձեռագրերի բարձրորակ (բարձր լուսաչափով) թվային պատկերները։ Նոր հետազոտությունների արդյունքները հրատարակվեցին վերջերս։ Իսկ գիտնականների այդ խումբը ի՞նչ եզրակացության հանգեց։
Նախևառաջ, բոլոր գիտնականներն ընդունեցին, որ ըստ հնագիտական փաստերի՝ գլանաձև ձեռագրերը գոյություն են ունեցել հրեաների՝ դեռևս Բաբելոն գերեվարվելուց առաջ։ Հնագրական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ գրերի կառուցվածքի, ձևի, դիրքի, տողերի հաջորդականության և ուղղության թվագրությունը համապատասխանում է այդ նույն ժամանակաշրջանին, այսինքն՝ մ.թ.ա. յոթերորդ դարի վերջին։ Եվ վերջապես, քննելով ուղղագրությունը՝ բառերը ճիշտ գրելու գիտությունը՝ գիտնականների այս խումբը եկավ հետևյալ եզրակացության. «Ձեռագրերի վրա գրված տեքստի ուղղագրական կանոնները համապատասխանում են դրանց թվագրման հնագիտական ու հնագրական փաստերին»։
Ամերիկյան պարբերագրերից մեկում նշվում է, որ արծաթե գլանաձև ձեռագրերի (հայտնի են նաև Քեթեֆ Ենովմի արձանագրություններ անվամբ) ուսումնասիրությունից պարզ դարձավ հետևյալը. «Այսպիսով, մենք կարող ենք հաստատել այն եզրակացությունը, որին հանգել են շատ գիտնականներ, այսինքն՝ այդ ձեռագրերում պահպանվել են աստվածաշնչյան տեքստի երբևէ հայտնի ամենահին վկայակոչումները» («Bulletin of the American Schools of Oriental Research»)։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Cave: Pictorial Archive (Near Eastern History) Est.; inscriptions: Photograph © Israel Museum, Jerusalem; courtesy of Israel Antiquities Authority