Թող որ խորհրդածելը քեզ հաճույք պատճառի
ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ միտքն անգամ ճնշող է թվում որոշ մարդկանց։ Նրանց կարծիքով՝ խորհրդածելը դժվար առաջադրանք է, որը պահանջում է լարվել և կենտրոնանալ։ Այս հարցին այնքան էլ լրջորեն չվերաբերվելու պատճառով այդպիսի մարդիկ նույնիսկ կարող են մեղավոր զգալ իրենց, հատկապես երբ կարդում են մտածելու կարևորության մասին (Փիլիպպեցիս 4։8)։ Սակայն Եհովայի վերաբերյալ սովորած ճշմարտությունների, նրա գեղեցիկ հատկությունների, հրաշալի գործերի, պահանջների և փառահեղ նպատակի մասին խորհելը կարող է մեզ հաճույք պատճառել։ Ինչո՞ւ։
Եհովա Աստված տիեզերքի Գերիշխանն է։ Նա ջանքեր է գործադրում իր փառահեղ նպատակն իրականացնելու համար (Յովհաննէս 5։17)։ Նույնիսկ այդքան զբաղված լինելով հանդերձ՝ Եհովան հետաքրքրվում է իր յուրաքանչյուր երկրպագուի մտքերով։ Սաղմոսերգու Դավիթը գիտեր այդ մասին և Աստծու ներշնչմամբ գրեց. «Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստիլն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները» (Սաղմոս 139։1, 2)։
Սկզբում անհատը միգուցե բացասական տեսակետ ունենա սաղմոսերգուի այս խոսքերի վերաբերյալ։ Նա գուցե մտածի. «Թեև Աստված հեռու է, բայց նկատում է իմ մտքով անցնող ամեն մի վատ բան»։ Իհարկե, այդպես մտածելը իր դրական կողմերն ունի։ Օրինակ՝ նման մտածելակերպը կարող է օգնել մեզ պայքարելու սխալ մտքերի դեմ։ Իսկ երբ հայտնաբերում ենք, որ իսկապես վատ մտքեր ունենք, ապա նման մտածելակերպը կօգնի նաև խոստովանելու դրանք Աստծուն և վստահ լինել, որ նա կների մեզ, քանի որ հավատ ենք ընծայում Հիսուսի քավիչ զոհաբերությանը (Ա Յովհաննէս 1։8, 9; 2։1, 2)։ Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ Եհովան քննում է իր երկրպագուներին դրական ձևով։ Նա ուշադրություն է դարձնում, երբ մենք երախտագիտությամբ մտածում ենք իր մասին։
Գուցե հարցնես. «Իսկապե՞ս Եհովան նկատում է իր միլիոնավոր երկրպագուների բոլոր լավ մտքերը»։ Այո՛, անշուշտ։ Հիսուսն ընդգծեց, թե որքան է մեզանով հետաքրքրվում Եհովան, երբ ասաց, որ նա նկատում է անգամ փոքրիկ ճնճղուկներին, իսկ հետո ավելացրեց. «Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք» (Ղուկաս 12։6, 7)։ Ճնճղուկները չեն կարող խորհել Եհովայի մասին։ Ուստի եթե նա հոգ է տանում նրանց, առավել ևս հոգ է տանում մեզ և ուրախանում է, երբ մենք խորհում ենք իր մասին։ Այո՛, մենք վստահությամբ կարող ենք աղոթել, ինչպես Դավիթը. «Թող հաճոյ լինին քեզ.... սրտիս խորհուրդը [«սրտիս խորհրդածությունը», ՆԱ]՝ քո առաջին, ով Տէր, իմ վէմ եւ իմ Փրկիչ» (Սաղմոս 19։14)։
Այն, որ Եհովային իսկապես հետաքրքրում է, թե ինչ են մտածում իր հավատարիմ երկրպագուները, երևում է Մաղաքիա մարգարեի ներշնչված խոսքերից։ Խոսելով մեր օրերի մասին՝ նա կանխագուշակեց. «Այն ժամանակ խօսեցին Տէրից վախեցողները իրար հետ, եւ Տէրը ականջ դրաւ [«մտիկ ըրավ», ԱԱ] ու լսեց, եւ յիշատակի գիրք գրուեցաւ նորա առաջին Տէրից վախեցողների համար, եւ նորա անունը պատուական համարողների համար [«անոր անուան վրայ մտածողներուն համար», ԱԱ]» (Մաղաքիա 3։16)։ Եթե ինքներս մեզ հիշեցնենք, որ Եհովան ուշադրություն է դարձնում մեզ վրա, երբ մտածում ենք իր մասին, ապա խորհրդածելը մեզ հաճույք կպատճառի։ Ուստի թող որ մենք էլ սաղմոսերգուի պես ասենք. «Եւ քննում եմ քո ամեն գործերը, եւ միտք եմ առնում քո արածները» (Սաղմոս 77։12)։