Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ինչո՞ւ կարելի է առաջին մեղքը՝ Ադամի անհնազանդությունը, համեմատել ժառանգական հիվանդության հետ։
Այն նման է ժառանգական հիվանդության, քանի որ Ադամը մեղքը փոխանցեց իր սերունդներին։ Այդպիսով մենք ժառանգեցինք մեղքը, ինչպես որոշ երեխաներ հիվանդություն են ժառանգում իրենց ծնողներից (15.08, էջ 5)։
• Որո՞նք են բռնության հիմնական պատճառները։
Սատանան փորձում է հեռացնել մարդկանց Եհովայից՝ նրանց մեջ սերմանելով բռնության ոգի։ Նա այդ նպատակին հասնում է ֆիլմերի, երաժշտության և համակարգչային խաղերի միջոցով, որոնք մարդկանց խրախուսում են բռնության և արյունահեղության։ Մասսաներին ներկայացվող բռնությունը դրդում է բազմաթիվ չարագործությունների (01.09, էջ 29)։
• Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը։
Նա ցածր խավի պատկանող հռոմեացի էր և, ամենայն հավանականությամբ, եղել է կրտսեր հրամանատար։ Մ. թ. 26 թ.–ին Հռոմի Տիբերիոս կայսրը Պիղատոսին նշանակեց Հրեաստանի պրովինցիայի կառավարիչ։ Հիսուսին դատելու ժամանակ Պիղատոսը լսեց հրեա առաջնորդների կողմից ներկայացված մեղադրանքները։ Ժողովրդի համակրանքը շահելու համար նա դատապարտեց Հիսուսին մահվան (15.09, էջ 10–12)։
• Ո՞րն է այն «նշանը», որի մասին հիշատակվում է Մատթէոս 24։3 համարում։
Այդ նշանը մի քանի երեսակներ ունի, որոնք միասին կազմում են Հիսուսի ներկայության նշանը։ Պատերազմները, սովերը, համաճարակները և երկրաշարժերը կազմում են այդ նշանի մի մասը։ Դրանք օգնում են Հիսուսի հետևորդներին ճանաչել նրա «ներկայությունը», ինչպես նաև հասկանալ, որ մոտեցել է իրերի համակարգի վախճանը (01.10, էջ 4, 5)։
• Ի՞նչ էր համայնքը, և ի՞նչ տարածքներ էին ընդգրկվում դրա մեջ։
Այս բառը վերաբերում է Պաղեստինից դուրս ապրած հրեաներին։ Առաջին դարում հրեաների բնակության գլխավոր վայրերն էին Ասորիքը, Փոքր Ասիան, Բաբելոնը և Եգիպտոսը, ինչպես նաև Եվրոպան, որտեղ ավելի քիչ թվով հրեաներ էին ապրում (15.10, էջ 12)։
• Կարո՞ղ է քրիստոնյան մաքուր խիղճ ունենալ, եթե նա կատարում է այնպիսի աշխատանք, որը պահանջում է զենք կրել։
Անհատն ինքը պետք է որոշի, թե կկատարի՞ այնպիսի աշխատանք, որը պահանջում է այս կամ այն տեսակի զենք կրել։ Սակայն զենքի հետ կապված աշխատանք կատարելով՝ անհատը գուցե արյունապարտ դառնա, եթե մարմնական վնասվածքներ ստանալու կամ մահվան վտանգի առաջ հայտնվելիս զենք օգտագործի։ Հետևաբար այդպիսի քրիստոնյան չի կարող ժողովում առանձնաշնորհումներ ունենալ (Ա Տիմոթէոս 3։3, 10) (01.11, էջ 31)։
• Քանի որ «Արմագեդոն» բառը ծագում է եբրայերեն «Հար–Մագեդոն», այսինքն՝ «Մեգիդո լեռ» արտահայտությունից, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Արմագեդոն պատերազմը տեղի է ունենալու Մերձավոր Արևելքում՝ բառացի որևէ լեռան մոտ։
Ոչ։ Այդպիսի լեռ իրականում գոյություն չունի Իսրայելի տարածքում։ Այնտեղ չեն կարող հավաքվել «երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը»։ Աստծու մեծ պատերազմը տեղի է ունենալու ողջ երկրով մեկ և այն վերջ է դնելու բոլոր պատերազմներին (Յայտնութիւն 16։14, 16; 19։19; Սաղմոս 46։8, 9) (01.12, էջ 4–7)։