«Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար»
ՎԵՐԵՎԻ նկարում պատկերված է «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկը, որի լույսընծայման մասին հայտարարվեց 2004–2005 թթ.-ին Եհովայի վկաների կողմից անցկացված «Քայլեք Աստծու հետ» մարզային համաժողովներում։ Այդ գրքույկի հրատարակություններից մեկը բաղկացած է 96 էջից և պարունակում է կարճ հաղորդագրություն՝ գրված 92 լեզվով՝ աբխազերենից մինչև ճապոներեն։ Գրքույկը նախատեսված է Թագավորության բարի լուրը հնարավորին չափ շատ մարդկանց հասցնելու համար (Մատթէոս 24։14)։ Հետևյալ դեպքերը փաստում են, թե հաճախ ինչ արդյունքներ են լինում, երբ այդ գրքույկը գործածվում է։
• Եհովայի վկաների մի ընտանիք համաժողովում գրքույկը ստանալուց հետո երեք ազգային պարկ այցելեց։ Այնտեղ նրանք հանդիպեցին մարդկանց, որոնք եկել էին Հնդկաստանից, Նիդեռլանդներից, Պակիստանից և Ֆիլիպիններից։ Ընտանիքի գլուխը նշեց. «Թեպետ նրանք բոլորն էլ մի քիչ խոսում էին անգլերեն, նրանք, գտնվելով իրենց տներից հազարավոր կիլոմետրեր հեռու, անչափ տպավորվեցին, երբ այդ գրքույկի մեջ տեսան մայրենի լեզվով գրված հաղորդագրություն։ Նրանց համար հստակ դարձավ, որ մեր գործունեությունը համաշխարհային բնույթ է կրում, և որ մենք միասնական ենք»։
• Մի Եհովայի վկա գրքույկը ցույց տվեց իր հնդիկ աշխատակցին։ Վերջինս ոգևորվեց՝ տեսնելով գրքույկում ամենատարբեր լեզուներով տպագրված հաղորդագրություն և կարդալով այն իր մայրենի լեզվով։ Աստվածաշնչի վերաբերյալ զրույց բռնվեց։ Իսկ մի ֆիլիպինցի աշխատակցուհի ուղղակի ապշել էր՝ իր մայրենի լեզուն հայտնաբերելով գրքույկում, և սկսեց ավելի շատ հետաքրքրվել Եհովայի վկաներով։
• Կանադայում մի նեպալցի կին համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել կին Եհովայի վկայի հետ հեռախոսի միջոցով՝ չցանկանալով դա տանը անել։ Բայց երբ քույրը այդ կնոջն ասաց գրքույկի և նրանում պարունակվող նեպալերեն հաղորդագրության մասին, վերջինս նրան ուրախությամբ տուն հրավիրեց։ Կինը շատ էր ցանկանում մայրենի լեզվով կարդալ այն։ Այդ օրվանից սկսած՝ նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրությունները անց են կացվել տանը։