Արդյո՞ք Բանսարկուն իրական անձնավորություն է
ՁԵՐ կարծիքով՝ ո՞վ է Բանսարկուն։ Արդյո՞ք նա իրական անձնավորություն է, որը դրդում է մարդկանց չար գործերի, թե՞ պարզապես չարության խորհրդանիշն է։ Պե՞տք է վախենալ նրանից, թե՞ պետք է համարել նրան զուտ սնոտիապաշտական երևակայության արդյունք կամ առասպելական կերպար։ Արդյո՞ք «Բանսարկու» բառը վերաբերում է տիեզերքում գոյություն ունեցող ինչ–որ վերացական ուժի։ Իսկ հնարավո՞ր է, որ այս բառը խորհրդանշի մարդկանց վատ հատկությունները, ինչպես պնդում են բազմաթիվ ժամանակակից աստվածաբաններ։
Զարմանալի չէ, որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն Բանսարկուի վերաբերյալ։ Պատկերացնո՞ւմ եք, թե որքան դժվար է ճանաչել մեկին, որը վարպետորեն թաքցնում է իր իսկական դեմքը։ Առավել ևս դա դժվար է, եթե նա որոշել է թաքնված մնալ դիմակի ետևում։ Գրություններում ասվում է, որ Բանսարկուն հենց այդպիսի անձնավորություն է։ Անվանելով նրան Սատանա՝ Աստվածաշունչը նշում է. «Սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում» (Բ Կորնթ. 11։14)։ Թեև նա չար է, սակայն իրեն ներկայացնում է որպես լավ անձնավորություն, որպեսզի մոլորեցնի մարդկանց։ Եվ եթե նրան հաջողվում է մարդկանց հավաստիացնել, թե ինքը պարզապես գոյություն չունի, դա ավելի լավ է ծառայում իր նպատակին։
Սակայն իրականում ո՞վ է Բանսարկուն։ Ե՞րբ և ինչպե՞ս է նա առաջացել։ Ինչպե՞ս է նա այսօր ազդեցություն բանեցնում մարդկանց վրա։ Կարո՞ղ ենք ինչ–որ բան անել նրա ազդեցությանը դիմադրելու համար։ Աստվածաշնչում գրի է առնված Բանսարկուի առաջացման ճշգրիտ պատմությունը։ Այն նաև գոհացուցիչ պատասխաններ է տալիս վերոհիշյալ հարցերին։
[նկար 3–րդ էջի վրա]
Որքան դժվար է ճանաչել մեկին, որը որոշել է թաքնված մնալ դիմակի ետևում