Վաղ շրջանի գերմաներեն Աստվածաշնչում գրված է Աստծու անունը
ԱՍՏԾՈՒ անձնական անունը 1971 թ.–ին գերմաներեն լեզվով հրատարակված «Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ հանդիպում է հազարավոր անգամ։a Սակայն այս Աստվածաշունչը գերմաներեն Աստվածաշնչերից առաջինը չէ, որ օգտագործում է Աստծու անունը։ Ըստ ամենայնի, գերմաներեն առաջին Աստվածաշունչը, որտեղ գրվել է «Եհովա» անունը, լույս է տեսել գրեթե 500 տարի առաջ ականավոր կաթոլիկ աստվածաբան Յոհան Էկի կողմից։
Յոհան Էկը ծնվել է 1486 թ.–ին Գերմանիայի հարավում։ Արդեն 24 տարեկանում նա Ինգոլշտադի համալսարանում աստվածաբանության պրոֆեսոր էր։ Էկը այս պաշտոնը վարեց մինչև իր մահը (1543 թ.)։ Նա Մարտին Լյութերի ժամանակակիցն էր, և նրանք մի որոշ ժամանակ ընկերություն են արել իրար հետ։ Լյութերն ի վերջո դարձավ Ռեֆորմացիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Էկը, սակայն, կաթոլիկ եկեղեցու ջատագով էր։
Բավարիայի դուքսը Էկին հանձնարարեց Աստվածաշունչը թարգմանել գերմաներեն, և այն լույս տեսավ 1537 թ.–ին։ Համաձայն մի աշխատության՝ Էկի թարգմանությունը հարազատ էր մնացել բնագրին և «արժանի է ավելի մեծ ճանաչման, քան մինչև այժմ ստացել է» («Kirchliches Handlexikon»)։ Ելից 6։3–ում, ըստ Էկի թարգմանության, գրված է. «Ես եմ Տերը, որ երևացի Աբրահամին, Իսահակին, և Հակոբին Ամենակարող Աստծու անունով. և իմ Ադոնայ անունը չհայտնեցի նրանց»։ Էկը լուսանցքում այս համարի առնչությամբ մեկնաբանություն գրեց. «Ադոնայ Եհոուա անունը»։ Շատ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ գերմաներեն Աստվածաշնչերից առաջին անգամ այստեղ է, որ օգտագործվում է Աստծու անձնական անունը։
Սակայն Աստծու անունը հայտնի է եղել և օգտագործվել է հազարավոր տարիների ընթացքում։ Ամենավաղ արձանագրությունները, որտեղ հայտնվում է Աստծու անունը, եղել են եբրայերեն լեզվով։ Դրանցում «Եհովա» անունը գործածվել է բնորոշելու համար, թե ով է միակ ճշմարիտ Աստվածը (Բ Օրինաց 6։4)։ Գրեթե 2000 տարի առաջ Հիսուսի խոսքերն այն մասին, որ նա Աստծու անունը հայտնի դարձրեց, արձանագրվել են հունարեն լեզվով (Յովհաննէս 17։6)։ Այդ ժամանակվանից ի վեր Աստծու անունը տպագրվել է անհամար լեզուներով։ Շուտով, ի կատարումն Սաղմոս 83։18–ի, բոլորը կիմանան, որ նա, ում անունը Եհովա է, Բարձրյալն է ամբողջ երկրի վրա։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Սկզբնապես լույս է տեսել անգլերեն լեզվով 1961 թ.–ին։ Ներկայումս ամբողջությամբ կամ մասամբ մատչելի է ավելի քան 50 լեզուներով։
[նկար 32–րդ էջի վրա]
Էկի Աստվածաշնչի 1558 թ. հրատարակությունը՝ Ելից 6։3–ում «Եհովա» անվան համար տրված ծանոթագրությամբ