«Նրանք կարող էին հեշտությամբ ազատ արձակվել»
ԺԵՆԵՎԵՎ ԴԸ ԳՈԼԸ՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Շարլ դը Գոլի եղբոր դուստրը, Եհովայի վկաների հետ ծանոթացավ Գերմանիայի հյուսիսում գտնվող Ռավենսբրյուկի նացիստական ճամբարում։ Նա է այս հոդվածի վերնագրում մեջբերված խոսքերի հեղինակը։ Ժենեվևը գրել է դրանք 1945 թ. օգոստոսին իր նամակներից մեկում։
1945 թ. հունվարի 27–ին ազատություն ստացան Օսվենցիմի (Լեհաստան) համակենտրոնացման ճամբարի բանտարկյալները։ 1996 թ.–ից սկսած՝ այդ ամսաթիվը Գերմանիայում նշվում է որպես հիտլերյան Երրորդ Ռայխի զոհերի հիշատակի օր։
Նրանց հիշատակին նվիրված մի պաշտոնական ելույթի ժամանակ, որը ներկայացվեց 2003 թ. հունվարի 27–ին, Բադեն Վյուրտեմբերգի պառլամենտի նախագահ Պետեր Ստրաուբը ասաց. «Բոլոր նրանք, ովքեր հալածվել են իրենց կրոնական կամ քաղաքական համոզմունքների համար և ավելի շուտ պատրաստ են եղել մեռնելու, քան հպատակվելու, արժանի են պատկառանքի. այնպիսի պատկառանքի, որը դժվար է արտահայտել խոսքերով։ Կրոնական ուղղություններից միայն Եհովայի վկաները կտրականապես հրաժարվեցին համաձայնվել հիտլերյան վարչակարգի պահանջներին. նրանք չէին բարձրացնում իրենց ձեռքը՝ Հիտլերին պատիվ տալու համար։ Վկաները ոչ միայն հրաժարվում էին զինվորական և աշխատանքային ծառայություն կատարել, այլև երդվել «Ֆյուրեր և Պետություն» խոսքերով։ Իսկ նրանց երեխաները չէին մտնում պատանի հիտլերականների շարքերը»։
Հիսուս Քրիստոսն իր հետևորդների մասին ասել էր. «[Նրանք] այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։16)։ Ուստի Վկաների դիրքորոշումը միմիայն կրոնական հիմքեր ուներ։ Ստրաուբը նշում է. «Եհովայի վկաները, որ համակենտրոնացման ճամբարում պետք է կրեին մանուշակագույն եռանկյունիներ, միակ կալանավորներն էին, ովքեր հնարավորություն ունեին անձամբ վերջ դնել իրենց տանջանքներին։ Բավական էր ընդամենը ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի՝ նրանք հրաժարվում էին իրենց հավատից»։
Եհովայի վկաների մեծ մասի համար հավատից հրաժարվելու խոսք անգամ չէր կարող լինել։ Դա է պատճառը, որ նացիզմի տարիներին մոտ 1 200 Վկաներ մահացան։ Նրանցից 270–ը մահապատժի ենթարկվեց կրոնական համոզմունքների պատճառով զինծառայությունից հրաժարվելու համար։ Ինչպես երևում է, Եհովայի վկաները միայն խոսքերով չէ, որ դավանում էին «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» սկզբունքը (Գործք 5։29)։
Ինչպես մի առիթով նշեց Հյուսիսային Հռենոս–Վեստֆալիայի պառլամենտի նախագահ Ուլրիխ Շմիդտը, Եհովայի վկաները գերմարդիկ չէին։ Մի գրքույկում, որտեղ հիշատակվում է նրա ելույթը, ասվում է. «[Նրանք] սովորական մարդիկ էին, որոնք լսելով իրենց խղճի ձայնին՝ հաստատակամորեն պաշտպանում էին իրենց կրոնական համոզմունքները։ Իրենց քաղաքացիական պարտքը կատարելիս նրանք քաջություն էին դրսևորում։ Վկաների գաղափարախոսությունը, որ հակառակ էր նացիստականին, հիմնված էր քրիստոնեական սկզբունքների վրա» («Landtag Intern»)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ բոլոր նրանք, ովքեր դժվար իրավիճակներում պահպանում են իրենց հավատարմությունը, ուրախացնում են Եհովա Աստծու սիրտը։ Ահա թե ինչ խոսքեր ենք կարդում Առակաց 27։11–ում. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին»։
[նկար 30–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Courtesy of United States Holocaust Memorial Museum