Երկար ճանապարհորդությունն իզուր չեղավ
ԿՈՆԳՈՅԻ Դեմոկրատական Հանրապետությունից տեղեկություն ստացվեց երկու հարազատ քույրերի մասին, որոնք որոշել էին ներկա լինել Լիսալա քաղաքում անցկացվելիք «Փառք տվեք Աստծուն» մարզային համաժողովին, չնայած որ այդ նպատակն իրագործելու համար նրանք պետք է երկար ճանապարհ անցնեին պատերազմական գոտիով։ Բացի հոգևոր կրթությունից և քրիստոնեական ընկերակցությունից, որ նրանք ակնկալում էին վայելել համաժողովին, նրանք շատ էին ցանկանում հանդիպել Եհովայի վկաների՝ Կինշասայում գտնվող մասնաճյուղի ներկայացուցիչներին։ Քանի որ երկրում քաղաքացիական պատերազմ էր, նրանք մասնաճյուղում ծառայողներից ոչ մեկին չէին տեսել արդեն երկար տարիներ, և այժմ դրա առիթը ներկայացել էր։
Ճանապարհորդելով մակույկով՝ երկու քույրերը իրենց հայրենի Բասանկուսու քաղաքից ուղղություն բռնեցին դեպի Լիսալա։ 300 կիլոմետրանոց ճանապարհն անցնում էր անտառներով և երկու գետերով։ Նրանք գնացին երեք շաբաթ։ Քանի որ երկուսն էլ լիաժամ ծառայության մեջ են (նրանցից մեկը 3, մյուսը 19 տարի), նրանք ճանապարհին Թագավորության բարի լուրը քարոզեցին գրեթե 110 ժամ՝ տարածելով 200 թերթիկ և 30 պարբերագիր։
Քույրերը ստիպված էին գետով նավարկել գետաձիերի ու կոկորդիլոսների հարևանությամբ, որոնց հաճախ կարելի է տեսնել այդ տարածաշրջանում։ Նրանք միայն ցերեկն էին նավարկում, որովհետև մութն ընկնելուն պես անհնար էր դառնում նման պայմաններում նավարկելը։ Քույրերը նաև անցան բազմաթիվ ռազմական անցակետերով։
Թեև այս ճանապարհորդությունը շատ երկար ու հոգնեցուցիչ էր, նրանք ուրախ էին իրենց թափած ջանքերի համար։ Երկուսն էլ լի էին երախտագիտության և ուրախության զգացումներով, որ կարող են ներկա լինել Լիսալայի համաժողովում։ Նրանց սրտերն այրվում էին ճշմարտության համար ունեցած խանդավառությունից. 7 000 եղբայրների և քույրերի ներկայությունը ոգևորել էր քույրերին։ Համաժողովից հետո նրանք տունդարձի ճանապարհին նույն դժվարությունները հաղթահարեցին ու հասնելով տուն՝ իրենց հարազատներին ողջ և առողջ գտան։