Մարդիկ որոնում են հոգեկան անդորր
ԱԼԲԵՐՏԸ ուներ կին և երկու չքնաղ երեխա։ Նա գոհ էր իր ընտանեկան կյանքից։ Սակայն զգում էր, որ իր կյանքում ինչ–որ բան բացակայում է։ Այն ժամանակ, երբ աշխատանք էր փնտրում, Ալբերտը խորամուխ եղավ քաղաքականության մեջ և սոցիալիստական հայացքներ ընդունեց։ Նա նույնիսկ տեղի կոմունիստական կուսակցության ակտիվ անդամներից մեկը դարձավ։
Սակայն շուտով Ալբերտը հիասթափվեց կոմունիստական գաղափարներից։ Նա խզեց իր կապերը քաղաքականության հետ և ամբողջությամբ նվիրվեց ընտանիքին։ Կնոջ ու զավակների բարօրությունը դարձավ Ալբերտի կյանքի նպատակը։ Բայցևայնպես, դատարկության տանջող զգացումը չէր լքում նրան. նա չէր կարողանում իսկական հոգեկան անդորր գտնել։
Նման դեպքերը ամենևին էլ եզակի չեն։ Միլիոնավոր մարդիկ կյանքի իսկական նպատակը փորձել են գտնել տարբեր գաղափարախոսությունների, փիլիսոփայական և կրոնական ուղղությունների մեջ։ Օրինակ՝ 1960–ական թվականներին Արևմուտքում ծավալված հիպիների շարժումը իրենից ներկայացնում էր ընդդիմություն ավանդական բարքերին ու սոցիալական արժեքներին։ Երիտասարդները երջանկություն և կյանքի իմաստ էին փնտրում թմրանյութերի ու այդ շարժման այսպես կոչված գուրուների և քահանայապետների փիլիսոփայության միջոցով։ Բայց հիպիների շարժումը իսկական երջանկություն չբերեց։ Փոխարենը՝ այն նպաստեց երիտասարդության շրջանում թմրամոլության և սեռական անբարոյության տարածմանը՝ արագացնելով հասարակության բարոյական անկումը։
Դարեր շարունակ շատերը երջանկությունը տեսել են հարստության, իշխանության և կրթության մեջ։ Սակայն ի վերջո նրանք հիասթափվել են։ Հիսուսն ասաց, որ «մարդու կյանքը կախված չէ իր կուտակած հարստությունից» (Ղուկաս 12։15, ԱՆԹ)։ Հարստության ետևից ընկնելը սովորաբար դժբախտություն է բերում։ Աստվածաշունչն ասում է. «Նորանք որ կամենում են հարստանալ փորձութեան եւ որոգայթի եւ շատ անմիտ վնասակար ցանկութիւնների մէջ են ընկնում. որ ընկղմում են մարդկանց սատակումի եւ կորուստի մէջ։ Որովհետեւ արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է. որին մի քանիսը անձնատուր լինելով.... իրանց անձերը շատ ցաւերով խոցեցին» (Ա Տիմոթէոս 6։9, 10)։
Ուրեմն՝ ինչպե՞ս կարող է անհատը հոգեկան անդորր գտնել և իր կյանքը իմաստալից դարձնել։ Արդյոք փորձի և սխալի մեթոդի օգնությա՞մբ։ Բարեբախտաբար, դրա անհրաժեշտությունը չկա։ Դա նման կլիներ մթության մեջ շարժական թիրախը նետահարել փորձելուն։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, մեզ հետաքրքրող հարցի պատասխանը կախված է մի շատ կարևոր կարիք բավարարելուց, որը միայն մարդկանց է հատուկ։
[նկար 3–րդ էջի վրա]
Հարստությունը, իշխանությունը և կրթությունը կօգնե՞ն ձեզ հոգեկան անդորր գտնել