Ի՞նչ հիմքի վրա եք կառուցում
ՇԻՆՈՒԹՅԱՆ դիմացկունությունը մեծապես կախված է նրա հիմքի ամրությունից։ Այս սկզբունքը Աստվածաշնչում հաճախ օգտագործվում է փոխաբերական իմաստով։
Օրինակ՝ Եսայիա մարգարեն Եհովա Աստծու մասին խոսում է որպես «երկրին հիմերը դնող[ի]» (Եսայիա 51։13, ԱԱ)։ Այս հիմքերը Աստծու անփոփոխ օրենքներն են, որոնք ղեկավարում են երկրի շարժումը և նրան պահում իր տեղում (Սաղմոս 104։5)։ Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում, խոսվում է նաև այն հիմքերի մասին, որոնց վրա կառուցված է մարդկային հասարակությունը։ Այդ հիմքերն են՝ արդարությունը, օրենքները և կարգուկանոնը։ Երբ անարդարության, կաշառակերության ու բռնության պատճառով դրանք ‘քանդվում են’, կամ՝ թուլանում, քայքայվում է նաև հասարակությունը (Սաղմոս 11։2–6; Առակաց 29։4)։
Այս սկզբունքը կիրառելի է նաև յուրաքանչյուր մարդու առնչությամբ։ Ավարտելով իր հռչակավոր Լեռան քարոզը՝ Հիսուս Քրիստոսն ասաց. «Ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կ’նմանեցնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։ Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չ’կործանուեցաւ. որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։ Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կ’նմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։ Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր» (Մատթէոս 7։24–27)։
Ի՞նչ հիմքի վրա եք դուք կառուցում ձեր կյանքը։ Անկայուն ավազի՞, որ անաստված մարդկանց փիլիսոփայությունն է և ի վերջո հիմքից փլուզվելու է։ Թե՞ կառուցում եք ամուր ժայռի վրա, որը Հիսուսի խոսքերին հնազանդվելն է, և որը կօգնի ձեզ դիմանալու կյանքի փոթորիկներին։