Մարդիկ կարո՞ղ են վերջ դնել աղքատությանը
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ մեծացել են՝ չիմանալով, թե ինչ է աղքատությունը։ Նրանք երբեք ստիպված չեն եղել քնել սոված կամ ցրտից դողալով։ Այնուամենայնիվ, այդ մարդկանցից շատերը կարեկցանք են զգում աղքատների հանդեպ և ջանք չեն խնայում նրանց օգնելու։
Աղքատությունը, սակայն, շարունակում է մնալ դառն իրականություն այն մարդկանց համար, ովքեր տանջվում են քաղաքացիական պատերազմների, ջրհեղեղների, երաշտների և այլ խնդիրների պատճառով։ Այս ամենը անտանելի է Աֆրիկայում ապրող հասարակ գյուղացու համար։ Ոմանք ստիպված են եղել թողնելու իրենց տները և տեղափոխվելու մեծ քաղաքներ կամ ապրելու որպես փախստական օտար երկրում։ Մյուսները տեղափոխվում են քաղաք, քանի որ նրանց հրապուրում են ավելի լավ կյանքի խոստումները։
Խիտ բնակեցված քաղաքները հաճախ դառնում են աղքատության օջախներ։ Հացահատիկային կուլտուրաներ մշակելու համար շատ քիչ հողատարածքներ կան կամ էլ ընդհանրապես չկան։ Սովորաբար դժվար է աշխատանք գտնել։ Հուսահատվելով՝ շատերն ընտրում են հանցագործության ուղին։ Քաղաքների բնակիչները օգնություն են աղերսում, բայց մարդկային կառավարությունները անկարող են լուծել աղքատության՝ գնալով մեծացող խնդիրը։ Հղում անելով Միավորված ազգերի կազմակերպության 2003 թ. նոյեմբերի հաշվետվությանը՝ լոնդոնյան մի թերթ տեղեկացնում է. «Աշխարհում գնալով ավելանում է սոված մարդկանց թիվը։ .... Ամբողջ աշխարհում այսօր 842 միլիոն մարդ թերի է սնվում, և այդ թիվն ամեն տարի ավելանում է 5 միլիոնով» («The Independent»)։
Եհովայի վկաների՝ Հարավային Աֆրիկայում գտնվող մասնաճյուղը ժամանակ առ ժամանակ նամակներ է ստանում աղքատության մեջ ապրող մարդկանցից։ Օրինակ՝ Բլումֆոնտեյն քաղաքից մի մարդ գրում է. «Ես գործազուրկ եմ և գողություն եմ անում քաղաքում, երբ հարմար առիթ է ստեղծվում։ Եթե գողություն չանեմ, ապա օրերով սոված կմնանք, էլ չեմ ասում դաժան ցրտի մասին։ Աշխատանք ընդհանրապես չկա։ Շատերը թափառում են փողոցներում՝ աշխատանք և ուտելու որևէ բան գտնելու հույսով։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր ուտելիք են փնտրում աղբարկղերում։ Ոմանք ինքնասպան են լինում։ Շատերն, ինձ պես, ընկճված և հուսահատ վիճակում են։ Ապագայի ոչ մի հույս կարծես չկա։ Մի՞թե Աստված, որ մեր մեջ ուտելու և հագնելու պահանջ է դրել, չի տեսնում այս ամենը»։
Այս մարդուն մտահոգող հարցերի համար գոհացուցիչ պատասխաններ կան։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, այդ պատասխանները գտնվում են Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի էջերում։