Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ինչո՞ւ է Հիսուսի ծննդյան օրը նշվում դեկտեմբերի 25–ին։
Աստծու Խոսքում չի հիշատակվում Հիսուսի ծննդյան օրը։ Մի հանրագիտարանում ասվում է. «Այն, որ Ծննդյան տոնը նշվում է դեկտեմբերի 25–ին, ոչ թե ճշգրիտ ժամանակագրական հաշվարկների արդյունք է, այլ ձմեռային արևադարձին նվիրված հռոմեական տոների քրիստոնեացման» («Enciclopedia Hispánica»)։ Արևի ծայգը ձմեռային երկնքում հռոմեացիները տոնում էին խնջույքներով, խրախճանքով և նվերներ փոխանակելով (15.12, էջ 4, 5)։
• Արդյո՞ք Գործք 7։58–ում գրված խոսքերը նշանակում են, որ Ստեփանոսը աղոթում էր Հիսուսին։
Ո՛չ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ աղոթքը պետք է ուղղել միմիայն Եհովա Աստծուն։ Տեսիլքում տեսնելով Հիսուսին՝ Ստեփանոսը, ինչպես երևում է, իրեն ազատ զգաց ուղղակիորեն դիմելու նրան՝ ասելով. «Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին»։ Ստեփանոսը գիտեր, որ Հիսուսին իշխանություն էր տրվել հարություն տալու մահացածներին (Յովհաննէս 5։27–29)։ Այդ պատճառով նա խնդրեց կամ կանչեց Հիսուսին, որպեսզի վերջինս պահեր նրա կյանքի ուժը մինչև հարության օրը (01.01, էջ 31)։
• Որտեղի՞ց գիտենք, որ մարդու ճակատագիրը նախասահմանված չէ։
Աստված մարդուն ընտրելու ազատություն է պարգևել, ինչը և բացառում է նախասահմանության գաղափարը։ Եհովայի կողմից ո՛չ սիրո դրսևորում կլիներ, ո՛չ էլ արդարացի, եթե նա կանխորոշեր մեր կյանքի ուղին և հետո մեզ պատասխանատվության ենթարկեր մեր արարքների համար (Բ Օրինաց 32։4; Ա Յովհաննէս 4։8), (15.01, էջ 4, 5)։
• Ինչո՞ւ խելամիտ չէ պնդել, որ հրաշքներն անհնար են։
Որոշ գիտնականներ, ընդունելով, որ իրենք միայն սահմանափակ գիտելիքներ ունեն այն ամենի վերաբերյալ, ինչ հայտնագործում են Աստծու ստեղծագործությունների մեջ, խոստովանում են, որ իրենք այլևս չեն կարող վստահությամբ ասել, որ ինչ–որ բան անհնար է։ Նրանք ամենաշատը կարող են ասել, որ դա անհավանական է (15.02, էջ 5, 6)։
• Ինչո՞ւ Սամսոն դատավորը հայտնեց իր ծնողներին, որ ցանկանում է փղշտացի կին առնել։
Հեթանոս աստվածների երկրպագող կնոջ հետ ամուսնանալը դեմ էր Աստծու օրենքին (Ելից 34։11–16)։ Սակայն փղշտացի կինը «հաճելի» էր Սամսոնի աչքին։ Վերջինս «փղշտացիներիցը մէկ առիթ էր որոնում» և այդ կնոջ միջոցով կարող էր հասնել իր նպատակին։ Սուրբ ոգու միջոցով Աստված սատար կանգնեց Սամսոնին (Դատաւորաց 13։25; 14։3, 4, 6) (15.03, էջ 26)։
• Պե՞տք է արդյոք քրիստոնյան թեյանվեր կամ որևէ նվեր տա պետական աշխատողին նրա կատարած ծառայությունների համար։
Ճիշտ չի լինի պաշտոնատար անձնավորությանը կաշառք կամ ինչ–որ արժեքավոր բան տալ, որպեսզի նա դրա դիմաց խախտի օրենքը, ոտնահարի արդարադատությունը, կամ հատուկ վերաբերմունքի արժանացնի ձեզ։ Սակայն պետական աշխատողին իր կատարած ծառայությունների համար, ինչպես նաև օրինական ծառայություն ստանալու կամ անարդար վերաբերմունքից խուսափելու համար նվեր կամ թեյանվեր տալը կաշառք չի համարվում (01.04, էջ 29)։