Պատերազմներ խոսքերով. ինչո՞վ են վնասակար
«Ո՞րտեղից են պատերազմունքներ եւ կռիւներ ձեր միջումը» (ՅԱԿՈԲՈՍ 4։1)։
ՀԱԿՈԲՈՍ առաքյալը այս հարցը չի ուղղել հռոմեական լեգեոնի զինվորներին, որոնք այն ժամանակ զավթողական պատերազմներ էին մղում, և ոչ էլ նկատի է ունեցել այն, թե առաջին դարի սիկարիներին (դաշույնավորներ) ինչն էր դրդում պատերազմելու։ Իրականում, Հակոբոս առաքյալը նկատի ուներ պարզապես երկու մարդկանց միջև տեղի ունեցող վեճերը։ Ինչո՞ւ։ Որովհետև ինչպես պատերազմները, այնպես էլ ընդհարումները վնասաբեր են։ Ուշադրություն դարձրեք աստվածաշնչյան հետևյալ արձանագրություններին։
Նահապետ Հակոբի որդիներն այնքան էին ատում իրենց եղբորը՝ Հովսեփին, որ նրան գերության վաճառեցին (Ծննդոց 37։4–28)։ Դարեր անց Իսրայելի Սավուղ թագավորը փորձեց սպանել Դավիթին։ Ինչո՞ւ։ Որովհետև նախանձում էր նրան (Ա Թագաւորաց 18։7–11; 23։14, 15)։ Իսկ առաջին դարում երկու քրիստոնյա կանայք՝ Եվոդիան և Սյունտիքը, իրենց վիճաբանություններով խաթարել էին ամբողջ ժողովի խաղաղությունը (Փիլիպպեցիս 4։2)։
Դեռ ոչ շատ վաղուց մարդիկ տարաձայնությունները լուծում էին մենամարտերի միջոցով՝ իրար դեմ դուրս գալով սրերով կամ ատրճանակներով։ Հաճախ մենամարտողներից մեկը սպանվում էր, կամ մինչև կյանքի վերջը հաշմանդամ էր մնում։ Այսօր, սակայն, նրանք, ովքեր թշնամաբար են տրամադրված իրար հանդեպ, սովորաբար սահմանափակվում են միայն խայթող և վիրավորական խոսքեր ասելով։ Եվ գուցե արյունահեղություն տեղի չի ունենում, այնուհանդերձ խոսքերով գրոհելը մեծ վնասներ է հասցնում անհատի զգացմունքներին, ինչպես նաև ազդում նրա հեղինակության վրա։ Նման պատերազմներում հաճախ տուժում է անմեղ կողմը։
Քննարկենք, թե ինչ տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, երբ Անգլիկան եկեղեցու քահանաներից մեկը մեկ ուրիշ քահանայի մեղադրեց եկեղեցու ֆինանսների սխալ գործածման մեջ։ Նրանց վեճը ի վերջո հայտնի դարձավ բոլորին, և ժողովը, որտեղ նրանք ծառայություններ էին մատուցում, պառակտվեց։ Եկեղեցու որոշ անդամներ նույնիսկ հրաժարվեցին հաճախել այնտեղ, եթե նախագահողը լինելու էր այն քահանան, որին նրանք դեմ էին։ Այդ երկու քահանաների փոխադարձ արհամարհանքն այնքան ուժեղ էր, որ եկեղեցում նրանք չնկատելու էին տալիս միմյանց։ Իսկ երբ մեղադրող քահանան ինքը մեղադրվեց սեռային անբարոյության մեջ, վիճաբանությունը շիկացավ։
Քենտերբերիի եպիսկոպոսը դիմեց այդ երկու հոգևորականներին՝ անվանելով նրանց վիճաբանությունը «քաղցկեղ» և «սկանդալ, որը պատվազրկում է մեր Տիրոջ անունը»։ 1997 թ. այդ քահանաներից մեկը համաձայնվեց թոշակի անցնել, իսկ մյուս քահանան մնաց իր պաշտոնում, մինչև որ թոշակի անցնելու պատճառով ստիպված եղավ հեռանալու։ Նա աշխատեց եկեղեցում այնքան, որքան հնարավոր էր՝ թոշակի անցնելով միայն իր 70–ամյակի օրը՝ 2001 թ. օգոստոսի 7-ին։ Մի թերթում նշվում է, որ այն օրը, երբ այդ քահանան հեռացավ իր պաշտոնից, սուրբ Վիկտրիցիուսի տոնն էր։ Իսկ ո՞վ էր սուրբ Վիկտրիցիուսը։ Նա չորրորդ դարի եպիսկոպոս էր, որը, ինչպես ասում են, խարազանվել էր պատերազմում կռվելուց հրաժարվելու համար։ Հակադրելով այս երկու եպիսկոպոսներին՝ թերթը նշում է. «[Թոշակի անցնող քահանան] կռիվ չանելու հատկություն չուներ»։
Այդ քահանաները կարող էին խուսափել միմյանց և ուրիշներին ցավ պատճառելուց, եթե կիրառեին Հռովմայեցիս 12։17, 18 համարներում գրված խորհուրդը. «Մէկին չարի տեղ չար մի հատուցանէք. ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցէք։ Եթէ կարելի է՝ որքան ձեզանից է կախուած՝ ամեն մարդկանց հետ խաղաղութիւն ունեցէք»։
Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Երբ ինչ–որ մեկը վիրավորում է քեզ, արդյո՞ք վիրավորանքի զգացումը քեզ մղում է նույն ձևով պատասխանելու նրան, թե՞ խուսափում ես վիրավորական բառերից՝ ջանալով խաղաղության համար բաց դուռ թողնել։ Եթե դու վիրավորում ես որևէ մեկին, խուսափո՞ւմ ես նրանից և հույս ունենում, որ ժամանակի ընթացքում անհատը կմոռանա այդ խնդրի մասին, թե՞ շտապում ես ներողություն խնդրել։ Անկախ այն բանից՝ ներում ես հայցում, թե ինքդ ես ներում որևէ մեկին՝ խաղաղության համար գործադրած քո ջանքերի շնորհիվ կլինես երջանիկ։ Եվ ինչպես հաջորդ հոդվածն է ցույց տալիս, Աստվածաշնչի խորհուրդները կարող են օգնել մեզ հարթելու նույնիսկ վաղեմի ընդհարումները։