Միասին սեղան նստելը ընդամենը ճաշ ուտել չէ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ էլ դուր է գալիս համեղ ճաշելը։ Սիրելի մարդկանց հետ բովանդակալից զրույցն ու ջերմ հաղորդակցությունը հաճելի են դարձնում ճաշելու ժամը, որն ավելին է, քան ընդամենը քաղցը բավարարելը։ Շատ ընտանիքներում ընդունված է օրական գոնե մեկ անգամ միասին սեղան նստել։ Ճաշելու ժամը հնարավորություն է տալիս ընտանիքի անդամներին զրուցելու օրվա դեպքերի կամ իրենց ծրագրերի մասին։ Այն ծնողները, որոնք ուշադիր են իրենց երեխաների արտահայտած մտքերի և կարծիքների հանդեպ, ավելի լավ են պատկերացնում, թե նրանք ինչ են մտածում և զգում։ Սեղանի շուրջ ուրախ, ազատ հաղորդակցության շնորհիվ ընտանիքում օրըստօրե ստեղծվում է ապահովության, վստահության և սիրո մթնոլորտ, որը նպաստում է ընտանիքի հարատև միությանը։
Այսօր խիստ զբաղվածության պատճառով շատ ընտանիքների համար միասին սեղանի շուրջ հավաքվելը դժվար է։ Աշխարհի որոշ մասերում ընդունված չէ ընտանիքի անդամներով սեղան նստել և նույնիսկ խոսել ուտելու ժամանակ։ Ոմանք էլ սովորություն ունեն ճաշելիս հեռուստացույց դիտել. այդպես նրանք, փաստորեն, իրենք իրենց զրկում են բովանդակալից հաղորդակցությունից։
Սակայն քրիստոնյա ծնողները միշտ զգոն են ընտանիքի անդամներին կերտելու հարցում (Առակաց 24։27)։ Հնում ծնողներին ասվել էր, որ երեխաների հետ Աստծո խոսքի շուրջ խոսելու լավագույն հնարավորությունը ստեղծվում է ‘տան մեջ նստած ժամանակ’ (Բ Օրինաց 6։7)։ Երեխաների հետ միասին կանոնավորաբար ճաշի նստելը ծնողներին հիանալի հնարավորություն կտա իրենց զավակների մեջ խորը սեր մշակելու Եհովայի և նրա արդար սկզբունքների հանդեպ։ Ուրախ և անկաշկանդ մթնոլորտ ստեղծելով՝ դուք նույնպես կկարողանաք ճաշելու ժամը դարձնել հաճելի և կազդուրիչ ձեր ընտանիքի անդամների համար։ Դե ինչ, այնպես արեք, որ ճաշելու ժամը չլինի ընդամենը հաց ուտելու ժամ։