Երբևիցե կունենա՞նք իսկական ապահովություն
ԵՐԵԽԱՆԵՐՆ ուրախ խաղ են անում իրենց սիրալիր ծնողների հետ. ո՞ւմ չի ուրախացնում այսպիսի տեսարանը։ Հոգատար ծնողների կողքին նրանք իրենց լիովին ապահով են զգում։ Մինչդեռ շատ երեխաներ այդպիսի երջանիկ պահեր հազվադեպ են ապրում։ Իսկ որոշ երեխաների ամեն օր մտատանջում է այն հարցը, թե որտեղ գիշերելու տեղ կգտնեն։ Կա՞ արդյոք որևէ հույս այսպիսի անտուն երեխաների, ինչպես նաև նրանց համար, ովքեր գտնվում են անապահով պայմաններում։
Թեև ապագան կարող է մռայլ թվալ, սակայն Աստծո Խոսքը մեզ հույս է տալիս։ Եսայիա մարգարեն կանխագուշակեց, որ կգա մի օր, երբ բոլորը բացարձակ ապահովության մեջ կապրեն։ Նա գրեց. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ» (Եսայիա 65։21, 22)։
Բայց արդյոք հիմնավո՞ր է այս հույսը։ Չէ՞ որ «հույս» բառը միշտ չէ, որ վստահություն է մատնանշում։ Օրինակ՝ Բրազիլիայում հաճախ կարելի է այսպիսի արտահայտություն լսել՝ «հույսը վերջում է մահանում»։ Այդ արտահայտության նշանակությունն այն է, որ շատ մարդիկ չեն կորցնում իրենց հույսը, նույնիսկ երբ իրականում հույս փայփայելու հիմք չկա։ Սակայն բոլորովին այլ է պարագան այն հույսի առնչությամբ, որ տալիս է մեզ կենդանի Աստված։ Պողոս առաքյալը գրել է. «Ամեն ով որ հաւատայ [Աստծուն]՝ չի ամաչիլ [«հիասթափվի», ՆԱ]» (Հռովմայեցիս 10։11)։ Աստվածաշնչի մարգարեությունները, որոնք արդեն կատարվել են, վստահություն են ներշնչում մեզ, որ Եհովա Աստծո տված մյուս բոլոր խոստումները անպատճառ կիրագործվեն։ Երբ այդ խոստումներն իրականություն դառնան, այն իրավիճակները, որոնք ստիպում են շատ երեխաների փողոցներում ապրել, պատմության գիրկը կանցնեն։
Նույնիսկ այսօր Աստվածաշնչում եղած գործնական խորհուրդները կարող են օգնել հուսալքված անհատներին բարելավելու իրենց կյանքը և իսկական ապահովություն գտնելու։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ձեր տեղանքում ապրող Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ այդ հարցում։