Իրադարձություն, որ առնչվում է ձեզ հետ
ԵՐԿՐԻ վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսը Աստծուն փառք բերող մի միջոցառում հաստատեց։ Սա միակ կրոնական արարողությունն էր, որ նա ուղղակիորեն պատվիրեց իր հետևորդներին կատարել։ Խոսքը Տերունական ընթրիքի մասին է, որը հայտնի է նաև «Վերջին ընթրիք» անվանումով։
Պատկերացրեք, թե այդ իրադարձությանը նախորդող դեպքերի անտեսանելի ականատեսն եք։ Հիսուսն ու իր առաքյալները հավաքվել են Երուսաղեմի տներից մեկի վերնահարկում, որպեսզի նշեն հրեական Պասեքը։ Նրանք արդեն ավարտել են Պասեքի ավանդական ընթրիքը՝ կերել են խորոված գառը, դառը խոտերը, անթթխմոր հացը և խմել կարմիր գինին։ Դավաճան առաքյալ Հուդա Իսկարիովտացին արդեն գնացել է իր Տիրոջը մատնելու (Մատթէոս 26։17–25; Յովհաննէս 13։21, 26–30)։ Հիսուսը մնացել է իր 11 հավատարիմ առաքյալների հետ։ Նրանց թվում է նաև Մատթեոսը։
Ահա թե դեպքերի ականատես Մատթեոսը ինչ է հայտնում այն մասին, թե ինչպես Հիսուսը հաստատեց Տերունական ընթրիքը. «Յիսուսը [անթթխմոր] հացն առաւ եւ օրհնելով կտրեց, եւ աշակերտներին տուաւ եւ ասեց. Առէ՛ք կերէք, այս է իմ մարմինը։ Եւ [գինու] բաժակն առաւ, գոհացաւ, նորանց տուաւ եւ ասեց. Խմեցէ՛ք դորանից ամենքդ։ Որովհետեւ այդ է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ’ի թողութիւն մեղաց» (Մատթէոս 26։26–28)։
Ինչո՞ւ Հիսուսը հաստատեց Տերունական ընթրիքը։ Դա անելիս ինչո՞ւ նա գործածեց անթթխմոր հաց ու կարմիր գինի։ Արդյոք Հիսուսի բոլո՞ր աշակերտները պետք է ճաշակեն այդ խորհրդանիշները։ Որքա՞ն հաճախ է պետք նշել այդ իրադարձությունը։ Արդյոք դա որևէ կարևորություն ունի՞ ձեզ համար։