Բարի խղճմտանք
ՄԻ ՕՐ Չարլզը, որ Քենիայի համալսարաններից մեկի աշխատակից է, տուն վերադառնալու ճանապարհին կորցրեց իր բջջային հեռախոսը. մի իր, որը Քենիայում դեռևս թանկարժեք շռայլություն է։
«Հույս չունեի, թե որևէ մեկը կվերադարձներ այն»,— ասում է Չարլզը։ Մի քանի օր անց, այնուամենայնիվ, նրան անակնկալի բերեց մի հեռախոսազանգ. զանգահարում էին Եհովայի վկաների՝ Քենիայի մասնաճյուղից։ Նա ականջներին չհավատաց, երբ լսեց, որ իրեն խնդրում են գալ ու վերցնել իր բջջային հեռախոսը։ Պարզվեց, որ Եհովայի վկաների լիաժամ ծառայողներից մեկը, որ Չարլզի հետ գտնվել էր միևնույն տրանսպորտում, նկատել էր ընկած հեռախոսը։ Ջանալով գտնել հեռախոսի տիրոջը՝ նա այն բերել էր մասնաճյուղ, որտեղի կամավոր ծառայողներին հաջողվել էր հեռախոսի վրա հայտնվող համարի օգնությամբ գտնել նրան։
«Ես շատ երախտապարտ եմ այն ջանքերի համար, որ թափել եք, որպեսզի գտնեք ինձ՝ չնայած դժվարություններին,— գրում է Չարլզը մասնաճյուղին հասցեագրած իր նամակում։— Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ձեր կազմակերպության անդամներին, որ գտել են իմ հեռախոսը, պարզել են, որ այն պատկանում է ինձ ու վերադարձրել։ Մեր օրերում քիչ են ազնիվ մարդիկ, սակայն քաջալերական է, որ կան այդպիսիները և աչքի են ընկնում որպես Եհովա Աստծո ճշմարիտ Վկաներ»։
Եհովայի վկաներն ամենուր հայտնի են իրենց ազնիվ վարվեցողությամբ։ Նրանք օրինակ են վերցնում Պողոս առաքյալից, որն ասաց. «Համոզուած ենք որ բարի խղճմտանք ունինք կամենալով ամեն բանի մէջ բարւոք վարուիլ» (Եբրայեցիս 13։18; Ա Կորնթացիս 11։1)։ Նրանք գիտակցում են, որ այդպես վարվելով փառք են բերում Եհովա Աստծուն, քանի որ Հիսուսն ասաց. «Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է» (Մատթէոս 5։16)։