«Ճարտարապետական ամենամեծ գործերից մեկը»
ԵՐԲ մոտ 3 000 տարի առաջ Սողոմոն թագավորի իշխանության տարիներին Երուսաղեմում կառուցվեց Եհովայի տաճարը, պատրաստվեց մի գեղեցիկ պղնձե ջրավազան ու տեղադրվեց տաճարի մուտքի մոտ։ Ավազանը կշռում էր ավելի քան 30 տոննա, իսկ նրա տարողությունը մոտ 40 000 լիտր էր։ Այդ հսկայական ջրավազանը կոչվեց ձուլածո ծով (Գ Թագաւորաց 7։23–26)։ «Իսկապես որ, դա հրեա ազգի երբևէ կառուցած ճարտարապետական ամենամեծ գործերից մեկն էր»,— ասում է Կանադայի ազգային հետազոտությունների խորհրդի տեխնիկական հարցերով նախկին պաշտոնյա Ալբերտ Զյուդհոյֆը մի պարբերագրում («Biblical Archeologist»)։
Ինչպե՞ս կառուցվեց այդ «ծովը»։ Աստվածաշնչում ասվում է, որ «Յորդանանի դաշտումը թանձր հողի վերայ [պղնձե սպասքեղեն] ձուլել տուաւ թագաւորը» (Գ Թագաւորաց 7։45, 46)։ «Ձուլման պրոցեսը պիտի որ նույնը եղած լիներ, ինչ–որ «մոմե մոդելը կորուսելու» եղանակի դեպքում էր արվում, որ մինչև օրս կիրառվում է խոշոր բրոնզե զանգեր պատրաստելու համար»,— ասում է Զյուդհոյֆը։ Նա բացատրում է. «Ամենայն հավանականությամբ, դա պետք է որ արված լիներ հետևյալ կերպ. պատրաստվել է «ծովի» մոմե մոդելը, այնուհետև այն գլխիվայր դրվել է չոր վիճակում գտնվող կավե հիմնական կաղապարի վրա.... Սա ավարտելուց հետո կաղապարներ պատրաստող մարդիկ մոմե մոդելի վրա կառուցել են կավե արտաքին կաղապարը ու թողել, որ չորանա։ Վերջում մոմը հալեցվել է և հեղուկ բրոնզը լցվել խոռոչի մեջ»։
Ձուլածո ծովի հսկայական չափերն ու կշիռը վկայում են, որ ճարտարապետական մեծ հմտություններ են պահանջվել այն կառուցելու համար։ Նրա հիմնական կաղապարը ու արտաքին կաղապարը պետք է դիմանային մոտ 30 տոննա ձուլածո պղնձի ճնշմանը, իսկ ձուլման պրոցեսը պետք է տեղի ունենար առանց ընդհատվելու, այլապես ճեղքեր ու ճաքեր կգոյանային։ Դրա համար հավանաբար պահանջվել են իրար հետ կապակցված մի քանի հնոցներ, որպեսզի հեղուկ մետաղը լցվեր խոռոչի մեջ։ Ի՜նչ հսկայական աշխատանք։
Տաճարի հանդիսավոր բացման ժամանակ Սողոմոն թագավորը աղոթեց և տաճարի բոլոր շինարարական աշխատանքների համար պատիվը տվեց Եհովա Աստծուն։ Սողոմոնն ասաց. «Ասել էիր քո բերանովը եւ քո ձեռքովը կատարեցիր՝ ինչպէս այսօր» (Գ Թագաւորաց 8։24)։