Հիսուսի ընտանիքի անդամները. ովքե՞ր էին նրանք
ԱՇԽԱՐՀԻ տարբեր մասերում դեկտեմբեր ամսին հաճախ կարելի է տեսնել Հիսուսի ծնունդը պատկերող տեսարաններ. նորածին Հիսուսին ջերմորեն հոգ են տանում նրա մայրը՝ Մարիամը, ու Հովսեփը, որ երեխային որդեգրեց։ Այդ տեսարանները կարող են հետաքրքրություն առաջացնել նույնիսկ այնպիսի անձանց մեջ, ովքեր իրենց չեն համարում քրիստոնյա։ Քանի որ նման տեսարաններում գլխավոր կերպարը Հիսուսն է, տեսնենք, թե Գրություններն ինչ են հայտնում նրա երկրային ընտանիքի վերաբերյալ։
Հիսուսի ծնունդը շատ հետաքրքիր է եղել։ Նա ծնվել է Մարիամ անունով մի կույս աղջկանից ու այդպիսով ընդգրկվել մարդկային ընտանիքի կազմում։ Աստվածաշունչը հայտնում է, որ նրա կյանքը երկնքից փոխադրվեց Մարիամի արգանդը սուրբ ոգու միջոցով (Ղուկաս 1։30–35)։ Նախքան այդ ոչ սովորական հղիացման մասին տեղեկանալը Մարիամն արդեն նշանվել էր Հովսեփ անունով մի մարդու հետ, որը Հիսուսի ծնվելուց հետո դարձավ նրա երկրային հայրը։
Հիսուսից հետո Հովսեփն ու Մարիամը ունեցան էլի ուրիշ երեխաներ՝ Հիսուսի եղբայրներն ու քույրերը մայրական կողմից։ Դա ակնհայտ է դառնում այն հարցից, որ Նազարեթի բնակիչները տվեցին Հիսուսի մասին. «Չէ՞ որ սա հիւսան որդին է չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա. եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են» (Մատթէոս 1։25; 13։55, 56; Մարկոս 6։3)։ Այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ ընտանիքում, բացի հորից ու մորից, Հիսուսն ունեցել է նաև չորս եղբայր ու առնվազն երկու քույր։
Սակայն որոշ մարդիկ այսօր չեն հավատում, որ Հիսուսի եղբայրներն ու քույրերը Հովսեփի ու Մարիամի զավակներն են եղել։ Ինչո՞ւ։ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է, որ «Եկեղեցին իր սկզբնավորման օրերից սովորեցրել է, թե Մարիամը ողջ կյանքում կույս է եղել։ Հետևաբար, նկատի ունենալով դա, կարելի է վստահ լինել, որ նա ուրիշ երեխաներ չի ունեցել» («New Catholic Encyclopedia»)։ Նույն աշխատությունը պնդում է, որ «եղբայր» և «քույր» բառերը կարող են վերաբերել «ինչ–որ մեկի կամ մի քանիսի, ում հետ կրոնական կամ այլ բնույթի կապվածություն կա», կամ ազգականների, թերևս զարմիկների։
Այդպե՞ս է իրականում։ Նույնիսկ որոշ կաթոլիկ աստվածաբաններ, չհամաձայնվելով ավանդական ուսմունքին, համակարծիք են այն տեսակետին, որ Հիսուսն ունեցել է քույրեր ու եղբայրներ։ Ջոն Մայերը՝ Ամերիկայի աստվածաշնչյան կաթոլիկ ընկերության նախկին ղեկավարը, գրել է. «Ն[որ] Կ[տակարանում] ադելֆոս [եղբայր] բառը, երբ օգտագործվում է ոչ թե զուտ փոխաբերական կամ խորհրդանշական իմաստով, այլ որոշակի ֆիզիկական կամ իրավաբանական առնչություն ցույց տալու նպատակով, նշանակում է միայն նույն հորից ու մորից ծնված կամ էլ ծնողներից միայն մեկի կողմից արյունակից եղբայր. ուրիշ ոչինչ»։a Այո՛, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսն ունեցել է քույրեր ու եղբայրներ՝ ծնված Հովսեփից ու Մարիամից։
Ավետարաններում խոսվում է նաև Հիսուսի այլ հարազատների մասին, սակայն այժմ եկեք մեր ուշադրությունը կենտրոնացնենք Հիսուսի ամենամոտ հարազատների՝ ընտանիքի անդամների վրա ու տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանցից։
[ծանոթագրություն]
a “The Brothers and Sisters of Jesus in Ecumenical Perspective,” by J. P. Meier, The Catholic Biblical Quarterly, January 1992, page 21