Պատմություն, որ հավատ ու քաջություն է ներշնչում. Եհովայի վկաները Ուկրաինայում
ԻՆՉՊԵՍ առաջին դարի քրիստոնյաները, այսօր ևս Աստծո ժողովուրդը հալածանքներ է կրում (Մատթէոս 10։22; Յովհաննէս 15։20)։ Քիչ կան երկրներ, որտեղ հալածանքն այդքան տևական և սաստիկ է եղել, ինչպես Ուկրաինայում։ Այստեղ Աստծո Թագավորության քարոզչության գործը 52 տարի արգելքի տակ է եղել։
«Եհովայի վկաների 2002 թ. տարեգրքում» ներկայացվում է այդ երկրում բնակվող Աստծո ժողովրդի պատմությունը։ Դա մի պատմություն է ծանր ժամանակներում ցուցաբերված հավատի, քաջության և զորության մասին։ Եհովայի վկաների Ուկրաինայի մասնաճյուղը նամակներ է ստացել, որտեղ երախտագիտությամբ լի մտքեր են արտահայտված։ Ահա դրանցից մի քանիսը։
«Ես ավարտել եմ 2002 թ. «Տարեգրքի» ընթերցանությունը։ Ես չէի կարողանում զսպել արցունքներս, երբ կարդում էի ձեր գործունեության մասին։ Ցանկանում եմ, որ դուք իմանաք, թե որքան ինձ քաջալերեց եռանդ և ամուր հավատ ցուցաբերելու ձեր օրինակը։ Ես հպարտ եմ, որ ձեզ պես մաս եմ կազմում նույն հոգևոր ընտանիքի։ Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը» (Անդրե, Ֆրանսիա)։
«Խոսքերով չեմ կարող արտահայտել, թե որքան շնորհակալ եմ ձեզ և Եհովային 2002 թ. «Տարեգրքի» համար։ Արցունքները գլորվում էին այտերիս վրայով, երբ կարդում էի եղբայրների հետ պատահած բազմաթիվ դեպքերը. իրենց լավագույն տարիներն այդ եղբայրներն անցկացրել են բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Ես հիանում եմ նրանց քաջությամբ։ Թեև 27 տարի է, ինչ Վկա եմ, սակայն դեռ սովորելու բան ունեմ այդ եղբայրներից ու քույրերից։ Նրանք զորացրին իմ հավատը մեր երկնային Հոր՝ Եհովայի հանդեպ» (Վերա, նախկին Հարավսլավիա)։
«Ուրախությամբ եմ այս նամակը գրում, քանի որ դուք տոկունության և հավատարմության հիանալի օրինակ եք թողել հակառակության այդ բոլոր տարիներին։ Եհովային ամբողջովին ապավինելու և հավատարիմ մնալու վճռականությունը ձեզ պատիվ է բերում։ Նաև փորձությունների ժամանակ ձեր ցուցաբերած խոնարհությունը խորացրեց իմ համոզվածությունը, որ Եհովան չի լքում իր ժողովրդին։ Քաջության, համառության ու հաստատակամության ձեր օրինակը օգնում է մեզ ավելի հանգիստ վերաբերվենք մեր փոքր խնդիրներին» (Տութերիհիա, Ֆրանսիական Պոլինեզիա)։
««Տարեգիրքը» կարդալուց հետո ես չէի կարող չգրել ձեզ։ Որքա՜ն էին ինձ հուզել այդ բոլոր գեղեցիկ պատմությունները։ Ես հպարտ եմ, որ անդամ եմ այդպիսի հավատարիմ ու միահամուռ կազմակերպության, որն առաջնորդվում է մեր սիրալիր ու հոգատար Հոր կողմից, և նա մեզ զորացնում է ճիշտ պահին։ Ցավ եմ զգում, որ Եհովայի բազում հիանալի ծառաներ այդքան տառապանքներ են կրել և նույնիսկ կորցրել իրենց կյանքը։ Բայց նաև ուրախություն եմ ապրում, որովհետև նրանց ցուցաբերած արիության ու նվիրվածության արդյունքում շատ–շատերն են ծանոթացել ճշմարտությանը ու իմացել մեր սիրառատ Հոր մասին» (Քոլեթ, Նիդերլանդներ)։
«Ես ու կինս պարզապես ուզում ենք գրել ձեզ այն մասին, որ մենք խիստ հուզվել ենք՝ կարդալով «Տարեգրքում» Ուկրաինայի մասին գրված պատմությունը։ Դո՛ւք, հավատարի՛մ եղբայրներ, տոկունություն դրսևորելու գերազանց օրինակ եք ծառայել՝ տևական ու մեծ դժվարություններ հաղթահարելով։ Ինչպես Առակաց 27։11 համարն է ցույց տալիս, որքա՜ն երջանիկ պետք է որ Եհովան լինի՝ իմանալով, որ այդքան շատ անձնվեր ուկրաինացի եղբայրներ անբեկանելի անարատություն են պահել՝ չնայած Սատանայի չար գործերին» (Ալան, Ավստրալիա)։
«Աչքերս լցվեցին արցունքով, երբ կարդացի ուկրաինացի եղբայրների մասին։ Որքա՜ն շատ փորձությունների են դիմացել նրանք՝ տարիներով գտնվել են բանտերում, տանջվել, բռնության ենթարկվել, ընտանիքից բաժանված ապրել։ Ուզում եմ ասել բոլոր այն եղբայրներին, ովքեր դեռ շարունակում են ծառայել ձեր ժողովներում, որ անչափ սիրում ու հարգում եմ նրանց։ Ես պարզապես հիացած եմ այդ եղբայրների արիությամբ ու հաստատակամությամբ։ Գիտեմ, որ նրանց զորացնում էր Եհովայի սուրբ ոգին։ Եհովան մեր կողքին է ու ցանկանում է օգնել մեզ» (Սերգեյ, Ռուսաստան)։
«Ես կարդում էի 2002 թ. «Տարեգիրքը» ու լաց լինում։ Մեր ժողովում շատ քույրեր ու եղբայրներ ձեր մասին էին խոսում։ Դուք իսկական գանձեր եք։ Որքա՜ն երջանիկ եմ, որ այդպիսի մեծ հոգևոր ընտանիքի մեջ եմ գտնվում» (Յունհի, Հարավային Կորեա)։
«Ինձ խորապես տպավորում է ձեր հավատը, տոկունությունը և ամուր սերը Եհովայի ու նրա Թագավորության հանդեպ։ Մենք երբեմն թերանում ենք գնահատել մեր ունեցած ազատությունն ու հոգևոր կերակրի առատությունը, որով Եհովան մեզ ապահովում է։ Սակայն դուք այդպես չեք եղել։ Հավատ ցուցաբերելու մեջ ձեր թողած օրինակն օգնում է մեզ գիտակցել, որ եթե մենք մտերիմ փոխհարաբերություններ ունենք մեր Աստծո հետ, ապա նա մեզ զորություն կտա, որպեսզի դիմագրավենք ցանկացած փորձություն» (Պաուլու, Բրազիլիա)։
«Ինձ համար մեծ առանձնաշնորհում էր 2002 թ. «Տարեգրքից» եղբայրների պատմություններն ընթերցելը։ Դրանք ինձ շատ հուզեցին, հատկապես Լիդիա Կուրդասի սրտաշարժ պատմությունը։ Ես ջերմ կապվածություն զգացի այդ քրոջ հանդեպ» (Նիդիա, Կոստա Ռիկա)։
«Այսօր ավարտեցի 2002 թ. «Տարեգրքի» ընթերցանությունը, և իմ հավատը Եհովայի հանդեպ զորացավ։ Մի պատմություն երբեք չեմ մոռանա. դա ժողովում առաջնորդություն վերցրած եղբայրների հանդեպ կասկածներ սերմանելու դեպքն է։ Դրանից դաս քաղեցի. երբեք կասկածի չենթարկել այն եղբայրներին, ովքեր առաջնորդություն են վերցնում։ Շա՜տ շնորհակալ եմ ձեզանից։ Այս հավատ զորացնող հոգևոր կերակուրը նախապատրաստում է մեզ այն ժամանակների համար, երբ մեր հավատը փորձության կենթարկվի» (Լետիսիա, Միացյալ Նահանգներ)։
«Երախտագետ ենք հիանալի «Տարեգրքի» համար։ Շատ քարոզիչներ առաջին անգամ էին կարդում մեր ուկրաինացի եղբայրների գործունեության մասին։ Տեղի եղբայրներին դա շատ ամրապնդեց։ Շատերը, հատկապես երիտասարդները, ընդլայնել են իրենց ծառայությունը։ Ոմանք սկսել են ծառայել որպես ընդհանուր ռահվիրաներ կամ ենթառահվիրաներ։ Բոլորն էլ քաջալերվել էին արգելքի տարիներին ծառայած եղբայրների ու քույրերի պատմություններով» (մի ժողովի ծառայողական կոմիտե, Ուկրաինա)։
Ուկրաինացի մեր եղբայրների հավատարմությունն իսկապես քաջալերանքի աղբյուր է Եհովայի՝ աշխարհի տարբեր մասերում բնակվող ծառաների համար։ Իսկապես, ամեն տարի լույս տեսնող «Տարեգրքում» բովանդակված սրտառուչ պատմությունները կանոնավորաբար ընթերցելը հիանալի միջոց է՝ մեր հավատը զորացնելու և մեզ է՛լ ավելի տոկուն դարձնելու այս վճռական օրերին (Եբրայեցիս 12։1)։