«Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ»
Նախկինում և հիմա. Ինչպես Աստվածաշունչը փոխեց այս մարդուն
ՌՈԼՖ–ՄԱՅՔԼԸ, որ ապրում էր Գերմանիայում, կյանքը նվիրել էր երաժշտությանը։ Նա նաև դարձել էր թմրադեղերի գերին։ Դեռ երիտասարդ տարիքից նա մեծ քանակությամբ ալկոհոլ էր օգտագործում և չափից դուրս ԼՍԴ, կոկաին, հաշիշ և ուրիշ թմրանյութեր ընդունում։
Մի անգամ, երբ Ռոլֆ–Մայքլը փորձում էր մաքսանենգորեն թմրադեղեր անցկացնել աֆրիկյան մի երկիր, ձերբակալվեց։ Նա 13 ամիս անցկացրեց բանտում, որտեղ ժամանակ ունեցավ խորհելու կյանքի իրական իմաստի շուրջ։
Ռոլֆ–Մայքլը և նրա կին Ուրսուլան հուսահատ փնտրում էին կյանքի իմաստը և որոնում ճշմարտությունը։ Չնայած այսպես կոչված քրիստոնեական եկեղեցիների պատճառած հիասթափությանը՝ նրանք մեծ ցանկություն ունեին ճանաչելու Աստծուն։ Նրանք ունեին հարցեր, որոնց, սակայն, ոչ մի կրոն բավարարող պատասխաններ չտվեց։ Բացի այդ, կրոններից ոչ մեկը նրանց ոչ մի ձևով չմղեց փոխելու իրենց կյանքը։
Ռոլֆ–Մայքլը և Ուրսուլան ի վերջո հանդիպեցին Եհովայի վկաներին։ Երբ Ռոլֆ–Մայքլը սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը, նրա վրա խոր ազդեցություն թողեց հետևյալ հորդորը. «Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։ Նա որոշեց իր ‘վրայից հանել առաջվա վարմունքն ունեցող հին մարդը և նոր մարդը հագնել, որ Աստծո պատկերի պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով է ստեղծված’ (Եփեսացիս 4։22–24, ԷԹ)։
Ինչպե՞ս կարող էր Ռոլֆ–Մայքլը հագնել նոր մարդը։ Նրան Աստվածաշնչից ցույց տվեցին, որ ճշմարիտ գիտության միջոցով անհատը կարող է իր անձնավորությունը ‘նորոգել ըստ իր Արարչի [Եհովա Աստծո] պատկերի’ (Կողոսացիս 3։9, 10 ԷԹ, 11)։
Ստանալով ճշգրիտ գիտություն՝ Ռոլֆ–Մայքլը սկսեց ջանքեր գործադրել ներդաշնակեցնելու համար իր կյանքը Աստվածաշնչի սկզբունքներին (Յովհաննէս 17։3)։ Նրա համար դժվար էր ազատվել թմրադեղերից, բայց նա հասկացավ Եհովային աղոթքով մոտենալու արժեքը և նրանից օգնություն ստացավ (Ա Յովհաննէս 5։14, 15)։ Մեծ օգնություն հանդիսացավ նաև ընկերակցելը այն մարդկանց հետ, ովքեր արդեն Եհովայի վկաներ էին և ձգտում էին կատարել Աստծո կամքը։
Իմանալով, որ աշխարհն անցնում է և միայն Աստծո կամքը կատարողներն են հավիտյան մնալու երկրի վրա՝ Ռոլֆ–Մայքլն ընտրեց սիրո Աստված Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններից եկող հավիտենական օրհնությունները, և ոչ թե աշխարհի սերը, որ կարճատև է (Ա Յովհաննէս 2։15–17)։ Նրան տպավորել էին Առակաց 27։11–ում գրված խոսքերը. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին»։ Նա երախտագիտության զգացումով ասում է. «Այս համարը ցույց է տալիս, թե որքան խորն է Եհովայի սերը։ Նա հնարավորություն է տալիս մարդկանց ուրախացնելու իր սիրտը»։
Ռոլֆ–Մայքլի և նրա կնոջ ու երեք երեխաների նման, հարյուր հազարավորներ օգուտներ են քաղել՝ հետևելով Աստվածաշնչի սկզբունքներին։ Այդպիսի մարդկանց կարելի է հանդիպել համայն աշխարհում եղող Եհովայի վկաների ժողովներում։ Ցավոք որոշ երկրներում Վկաներին անարդարացիորեն մեղադրում են որպես ընտանիքներ կործանող վտանգավոր աղանդի։ Սակայն Ռոլֆ–Մայքլի օրինակը հակառակն է փաստում (Եբրայեցիս 4։12)։
Ռոլֆ–Մայքլն ասում է, որ Մատթէոս 6։33 խոսքը իրենց ընտանիքում ծառայում է որպես կողմնացույց՝ նրանց ճիշտ ուղղությունը ցույց տալով. այն հորդորում է հոգևորը առաջին տեղում դնել։ Նա և իր ընտանիքը խորապես երախտապարտ են Եհովային այն բանի համար, որ լինելով քրիստոնյաներ՝ ապրում են երջանիկ ընտանեկան կյանքով։ Նրանք ունեն այն նույն զգացմունքները, ինչ սաղմոսերգուն, որ գրեց. «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ» (Սաղմոս 116։12)։
[մեջբերում 9–րդ էջի վրա]
Աստված հնարավորություն է տալիս մարդկանց ուրախացնելու իր սիրտը
[շրջանակ 9–րդ էջի վրա]
Աստվածաշնչի սկզբունքները ներգործուն են
Աստվածաշնչի սկզբունքները մղել են շատերին ազատվելու կործանարար սովորություններից։ Ահա դրանցից մի քանիսը.
«Ով Տիրոջը սիրողներ, ատեցէք չարը» (Սաղմոս 97։10)։ Հավաստիանալով, թե որքան կործանարար են վատ սովորությունները, և դրանց հանդեպ ատելություն զարգացնելով՝ անհատի համար ավելի հեշտ է լինում անել այն, ինչ հաճելի է Աստծուն։
«Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերակցողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Որպեսզի անհատը հրաժարվի թմրադեղերի ու կախվածություն առաջացնող ուրիշ նյութերի գործածումից, նրան անհրաժեշտ է ընկերների հարցում ճիշտ ընտրություն կատարել։ Բարեկամություն հաստատելը քրիստոնյաների հետ, որոնք կօգնեն նրան հաստատ մնալ այդ որոշմանը, իսկապես օգտակար կլինի։
«Ոչինչ հոգս մի անէք. այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն։ Եւ Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Սրտի և մտքի այդպիսի խաղաղություն հնարավոր չէ ձեռք բերել որևէ ուրիշ ճանապարհով։ Աղոթքով Աստծուն ապավինելը օգնում է հաղթահարել կյանքի խնդիրները՝ առանց թմրանյութերին դիմելու։