Աստված ինչպես է դիտում մահացած մարդուն
ՀԱՐԱԶԱՏԻ մահը իրոք մեծ վիշտ է պատճառում։ Դատարկության ու միայնության զգացումը, կորստի ցավը անասելի հետք են թողնում։ Նման կորստի հետևանքով անհատը իրեն կարող է զգալ խիստ անօգնական, որովհետև ներկայումս երկրի վրա չկա մեկը, որ ի վիճակի լինի կյանքի վերադարձնել մահացած մարդուն՝ ինչքան էլ նա մեծ հարստության, իշխանության ու ազդեցիկ դիրքի տեր լինի։
Սակայն այլ կերպ է նայում այդ ամենին մեր Ստեղծիչը։ Նա, որ հողի փոշուց է ստեղծել առաջին մարդուն, ի վիճակի է վերստին կյանք տալ մահացածին։ Այդ իսկ պատճառով Աստված կարող է մահացած մարդուն նայել այնպես, ասես նա կենդանի լինի։ Հնում ապրած հավատարիմ ծառաների մասին Հիսուսն այսպես արտահայտվեց. «Ամենքը կենդանի են նորա [Աստծո] համար»։ Այլ կերպ ասած՝ Աստծո տեսանկյունից նրանք կենդանի են (Ղուկաս 20։38)։
Երկրի վրա ապրած ժամանակ Հիսուսը զորություն էր ստացել մահացածներին հարություն տալու (Յովհաննէս 5։21)։ Եվ նա էլ նույն տեսակետն ուներ այն մահացած մարդկանց վերաբերյալ, ովքեր հավատարիմ էին մնացել Աստծուն։ Երբ, օրինակ, Հիսուսի ընկեր Ղազարոսը մահացավ, նա ասաց իր աշակերտներին. «Կ’գնամ, որ [քնից] զարթնեցնեմ նորան» (Յովհաննէս 11։11)։ Մարդու տեսանկյունից՝ Ղազարոսը մահացած էր, բայց Եհովայի ու Հիսուսի համար նա ընդամենը քնած էր։
Երբ երկրի վրա սկսի իշխել Հիսուսի Թագավորությունը, տեղի կունենա «արդարների եւ մեղաւորների յարութիւն» (Գործք 24։15)։ Հարություն ստացածներին ժամանակի ընթացքում կտրվի Աստծուց բխող կրթություն և հնարավորություն՝ ապրելու երկրի վրա հավիտյան (Յովհաննէս 5։28, 29)։
Ինչ խոսք, սիրելի անձնավորության մահը մեծ վիշտ ու կսկիծ կարող է պատճառել, որը գուցե չմեղմանա տարիներ շարունակ։ Այնուամենայնիվ, տեղյակ լինելը այն փաստին, թե ինչպես է Եհովան դիտում մահացածին, կարող է մեծ մխիթարություն բերել և հույս (Բ Կորնթացիս 1։3, 4)։