Ճշմարիտ երկրպագությունը միավորում է ընտանիքը
ՄԱՐԻԱՆ 13 տարեկան էր, երբ նրան ու փոքր քրոջը՝ Լուսիին, իրենց բարեկամներից մեկը պատմեց Եհովայի մասին և ներկայացրեց երկրի վրա հաստատվելիք դրախտի վերաբերյալ հույսը։ Դա շարժեց նրանց հետաքրքրությունը, ու նրանք ցանկություն հայտնեցին գնալ Թագավորության սրահ, որտեղ անցկացվում էր Եհովայի վկաների հանդիպումը։ Այնտեղ տրվող հստակ ուսուցումը մեծ տպավորություն գործեց Մարիայի վրա։ Այդ ամենը խիստ տարբերվում էր եկեղեցում իր տեսածից, որտեղ գրեթե ոչինչ չէին անում՝ երգելուց բացի։ Շուտով այս երկու երեխաները սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։
Նրանց ավագ եղբորը՝ Ուգոյին, հետաքրքրում էր փիլիսոփայությունն ու էվոլյուցիայի տեսությունը։ Նա իրեն համարում էր աթեիստ։ Զինվորական ծառայության տարիներին, սակայն, Ուգոն ընթերցեց «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչության միջոցով» գիրքը։a Նա այնտեղ գտավ այնպիսի հարցերի պատասխաններ, որ չէր կարող տալ ոչ մի ուրիշ կրոն։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Ուգոն սկսեց զբաղվել իր նորահայտ հավատի ամրապնդմամբ՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և քույրերի հետ միասին հաճախելով Եհովայի վկաների ժողովներին։ Մարիան ու Լուսին մկրտվեցին 1992 թվականին՝ ճշմարտությունը լսելուց երկու տարի անց, իսկ դրանից ևս երկու տարի հետո մկրտվեց նաև նրանց եղբայրը։
Այդ ընթացքում նրանց ծնողները, որ կաթոլիկական ավանդույթների եռանդուն կողմնակիցներ էին, որևէ հետաքրքրություն ցույց չէին տալիս աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ։ Նրանք այն կարծիքի էին, թե Եհովայի վկաները ձանձրալի մարդիկ են, թեև նրանց հիացնում էր այն երիտասարդ Վկաների շարժուձևն ու համեստ հագուկապը, ում իրենց երեխաները հրավիրում էին տուն։ Պետք է ասել սակայն, որ երբ երեխաները սեղանի շուրջ հաց ուտելիս խոսում էին ժողովում սովորած բաների մասին, ծնողների մեջ հետաքրքրություն էր առաջանում։
Այս երեխաների ծնողները զբաղվում էին կախարդությամբ։ Բացի այդ, նրանց հայրը հաճախ էր հարբում ու ծեծում մորը։ Ընտանիքը քայքայման եզրին էր։ Հարբած վիճակում իրեն թույլ տված անկարգությունների համար նրանց հորը երկու շաբաթով ազատազրկման ենթարկեցին։ Բանտում նա սկսեց Աստվածաշունչ կարդալ, և նրա ուշադրությունը գրավեց վերջին օրերի վերաբերյալ Հիսուսի տված նկարագրությունը։ Վերջին օրերի նշանին առնչվող բազում հարցեր առաջացան, որոնց պատասխանը գտնելու համար երեխաների հայրն ու մայրը միասին գնացին Թագավորության սրահ։ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսվեց նրանց հետ։ Տեղեկանալով ճշմարտությանը՝ նրանք ոչնչացրին կախարդության վերաբերյալ իրենց ունեցած գրքերը և, Եհովայի անունը կանչելով, ազատվեցին դևերի հարձակումներից։ Նրանք մեծ փոփոխություններ սկսեցին կատարել իրենց անձնավորությունների մեջ։
Պատկերացրեք՝ ինչ հուզիչ տեսարան էր Մարիայի ու Լուսիի համար, երբ 1999 թ.–ին Բոլիվիայում տեղի ունեցած մարզային համաժողովներից մեկի ժամանակ նրանք երջանկություն ունեցան դիտելու, թե ինչպես է իրենց եղբայրը՝ Ուգոն, մկրտում իրենց ծնողներին։ Անցել էր գրեթե ինը տարի այն օրից, երբ Մարիան ու Լուսին առաջին անգամ լսել էին Եհովայի ու նրա խոստումների մասին։ Այժմ նրանք Ուգոյի հետ միասին ծառայում են լիաժամ։ Որքա՜ն երջանիկ են նրանք, որ ճշմարիտ երկրպագությունը միավորել է իրենց ընտանիքը։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։