Ուրախ են՝ գրաճանաչ դառնալու համար
Սողոմոնի կղզիների որոշ մասերում ապրող Եհովայի վկաների մոտ 80%–ը ստիպված էր պայքար մղել անգրագիտության դեմ։ Գրաճանաչ չլինելու հանգամանքը ոչ միայն սահմանափակում էր իրենց մասնակցությունը ժողովի շաբաթական հանդիպումներին, այլև դժվարացնում էր ճշմարտությունը ուրիշներին ուսուցանելու գործը։ Մի՞թե հնարավոր է, որ ձեռքը երբևէ գրիչ չվերցրած մեծահասակ մարդը գրել–կարդալ սովորի...
Գրեթե բոլոր ժողովներում կազմակերպվեցին գրաճանաչության դասընթացներ Եհովայի վկաների կողմից հրատարակված «Վարժվիր գրել–կարդալու մեջ» գրքույկի օգնությամբ։ Ահա մի քանի դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է այդ ծրագիրը օգնել հարյուրավոր մարդկանց գրաճանաչ դառնալու, իսկ որ ամենակարևորն է՝ իրենց հավատի մասին ավելի լավ վկայություն տալու հարցում (Ա Պետրոս 3։15)։
Մի միսիոներ, որը նշանակում էր ստացել ավելի քան հարյուր քարոզիչներից բաղկացած ժողովում ծառայելու, «Դիտարանի» ուսումնասիրության ժամանակ նկատեց, որ պարբերագրի անձնական օրինակ ունեցողները քիչ էին, իսկ մեկնաբանություն տվողները՝ է՛լ ավելի քիչ։ Պատճա՞ռը։ Նրանք կարդալ չգիտեին։ Երբ ժողովում հայտարարվեց գրաճանաչության դասընթացների կազմակերպման մասին, միսիոները ուսուցանելու հարցում ուրախությամբ առաջարկեց իր օգնությունը։ Սկզբում հաճախողների թիվը մեծ չէր, բայց շուտով անցավ 40–ից, ընդ որում՝ տարբեր տարիքի։
Ի՞նչ արդյունքների հասան նրանք։ Միսիոները պատմում է. «Մի անգամ առավոտյան ժամը վեցին գնացի շուկա՝ միսիոներական տան համար սնունդ գնելու։ Այնտեղ տեսա ուսանողներից մի քանիսին, այդ թվում նաև՝ շատ երիտասարդ անհատների, կոկոսյան ընկույզներ և բանջարեղեն վաճառելիս։ Ի՞նչ նպատակով էին նրանք անում դա։ Ուսանողները ցանկանում էին փող վաստակել՝ գրիչ ու տետր գնելու համար։ Բացի այդ, դասընթացները մղեցին ուսանողներին «Դիտարանի» անձնական օրինակ ձեռք բերելու։ Այժմ բոլորը՝ ծեր թե երիտասարդ, իրենց մասնակցությունն են բերում «Դիտարանի» հանդիպմանը, և մեր քննարկումները շատ աշխույժ են անցնում»։ Միսիոներին հատկապես մեծ ուրախություն պատճառեց այն հանգամանքը, որ դասընթացներին հաճախող անհատներից չորսը ցանկություն հայտնեցին հանրային քարոզչական գործին մասնակցելու։ «Մենք այլևս չենք վախենում»,— ասացին նրանք։
Գրել–կարդալ սովորելուց բացի, ուսանողները գրաճանաչության դասընթացներից շատ ուրիշ օգուտներ էլ քաղեցին։ Օրինակ՝ Վկաներից մեկի կինը, որը չէր կիսում ամուսնու հավատը, տարիներ շարունակ անախորժությունների իսկական աղբյուր էր ողջ ժողովի համար։ Մի փոքր դրդապատճառը բավարար էր, որ նա քարեր նետեր մարդկանց վրա։ Այդ կինը նույնիսկ փայտը ձեռքին հարձակվում էր կանանց վրա։ Երբեմն՝ իր ամուսնու հետ քրիստոնեական հանդիպումներն այցելելիս, այնպես էր խանդում նրան, որ վերջինս ստիպված մուգ ակնոց էր դնում, որպեսզի կինը չկարողանար մեղադրել նրան ուրիշ կանանց նայելու մեջ։
Սկսվեցին գրաճանաչության դասընթացները։ Կարճ ժամանակ անց այդ կինը մոտեցավ և մեղմորեն հարցրեց. «Կարո՞ղ եմ ես էլ մասնակցել այդ դասերին»։ Պատասխանը դրական էր։ Այդ ժամանակվանից ի վեր նա բաց չթողեց ոչ մի դասընթաց և ժողովի ոչ մի հանդիպում։ Նա շատ ջանասեր էր ու շուտով զարմանալի արդյունքների հասավ, և դա ուրախություն բերեց նրան։ Այդ կնոջ հաջորդ խնդրանքը հետևյալն էր. «Կարո՞ղ եմ Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Ամուսինը մեծ ուրախությամբ ուսումնասիրություն սկսեց նրա հետ, ու նա շարունակեց զարգացնել գրել–կարդալու իր հմտությունը և ավելացնել աստվածաշնչյան իր գիտելիքները։
Կյանքում երբեք ձեռքը գրիչ չվերցրած 50–ամյա անհատի համար գրիչ բռնելն ու այբուբենի տառ գրելու փորձն անգամ հսկայական դժվարություն է։ Սկզբնական շրջանում ոմանց մատների վրա գրիչը սեղմելուց բշտիկներ էին առաջանում։ Մի քանի շաբաթ պայքարելուց հետո ուսանողներից ոմանք ժպիտով բացականչեցին. «Ձեռքս հեշտությամբ սահո՜ւմ է թղթի վրայով»։ Ուսանողների առաջադիմությունը ուրախություն է պատճառում նաև ուսուցիչներին։ Ահա թե ինչ է ասում նրանցից մեկը. «Ուսուցանելը մեծ բավականություն է պատճառում։ Ամեն դասընթացի վերջում ուսանողները ծափահարություններով արտահայտում են իրենց երախտագիտությունը Եհովայի կողմից կազմակերպված այս միջոցառման համար»։
Միսիոներների հետ միասին ուրախանում են նաև այժմ գրաճանաչ դարձած այդ Վկաները։ Ինչո՞ւ։ Որովհետև հիմա գրել–կարդալու իրենց ունակությամբ նրանք կկարողանան փառաբանել Եհովային։
[նկարներ 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Բոլորը՝ ծեր թե երիտասարդ, երախտապարտ են գրաճանաչության դասընթացների համար