Դաս՝ արագիլից
Արագիլն անգամ օդումը գիտէ իր ժամանակները.... բայց իմ ժողովուրդը չ’գիտէ Տիրոջ իրաւունքը» (Երեմիա 8։7)։ Այս խոսքերն ասելով՝ Երեմիա մարգարեն հայտնեց Եհովայի դատավճիռը Հուդայի ուխտադրուժ ժողովրդի վերաբերյալ, որը թողնելով իր Աստծուն՝ սկսել էր պաշտել օտար աստվածությունների (Երեմիա 7։18, 31)։ Ինչո՞ւ անհավատարիմ հրեաներին դաս տալու համար Երեմիան ընտրեց արագիլի օրինակը։
Իսրայելացիներին հայտնի էին այդ թռչունները (հատկապես՝ սպիտակ արագիլը), քանի որ չվելիս նրանք անցնում են այդ կողմերով։ Երկար ոտքերով, մեծ չափեր ունեցող այս թռչնի անվանումը եբրայերենում ունի «անձնվեր, անմնացորդ սեր ցուցաբերող» նշանակությունը և դրված է իգական սեռով։ Դա բավական տեղին է, քանի որ ի տարբերություն շատ ուրիշ թռչունների՝ սպիտակ արագիլները զույգ կազմելուց հետո ողջ կյանքում մնում են իրար հետ։ Տաք երկրներում ձմեռելուց հետո արագիլները սովորաբար ամեն տարի վերադառնում են այն նույն բույնը, որ թողել էին։
Արագիլի՝ բնազդով պայմանավորված վարքը ուրիշ զարմանալի ձևերով էլ է անձնվիրություն արտացոլում։ Թե՛ արուն և թե՛ էգը՝ երկուսն էլ մասնակցում են ձվերի վրա նստելու և ճտերին կերակրելու գործին։ Մի գրքում ասվում է. «Որպես ծնողներ՝ արագիլները բացառիկ հավատարմություն են ցուցաբերում։ Ահա Գերմանիայում տեղի ունեցած մի դեպք. երբ մի արագիլ, թռչելով դեպի բարձր լարվածություն ունեցող լարերը, սպանվեց, նրա զույգը երեք օր շարունակ մենակ նստեց ձվերի վրա։ Այդ ընթացքում նա միայն մեկ անգամ կարճ ժամանակով լքեց իր բույնը՝ կերակուր գտնելու նպատակով.... Մեկ ուրիշ դեպքում՝ երբ էգ արագիլին գնդակի հարվածով սպանեցին, ճտերին խնամեց արուն» («Our Magnificent Wildlife»)։
Բնազդաբար իր զույգին ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալով և իր ճտերին քնքշորեն խնամելով՝ արագիլը իրոք որ համապատասխանում է իր անվան նշանակությանը՝ «անձնվեր»։ Այնպես որ, անհավատարիմ և համառ իսրայելացիներին դաս տալու համար միանգամայն տեղին էր արագիլի օրինակը։
Շատերն այսօր անձնվիրությունն ու հավատարմությունը հնացած են համարում՝ հրաշալի, բայց ոչ գործնական։ Ամուսնալուծությունների աճը, զույգին լքելու, ուրիշի ունեցվածքը յուրացնելու և խաբեության այլ ձևերի տարածումը ցույց են տալիս, որ անձնվիրությունն այսօր չի գնահատվում։ Հակառակ դրա՝ Աստվածաշունչը բարձր գնահատականի է արժանացնում սիրուց ու բարությունից բխող նվիրվածությունը՝ քրիստոնյաներին խրախուսելով հագնել «նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ [«հավատարմությամբ», ՆԱ]» (Եփեսացիս 4։24)։ Այո՛, «նոր մարդը հագնելու» շնորհիվ՝ կդառնանք անձնվեր։ Այս առումով՝մենք կարող ենք դաս քաղել նաև արագիլից։