Զոհասեղան՝ անանուն աստծուն
ՄԵՐ թվարկության մոտ 50 թ.–ին Պողոս առաքյալը այցելեց Աթենք։ Այնտեղ նա մի զոհասեղան տեսավ՝ նվիրված անհայտ աստծուն։ Հետագայում՝ Եհովայի մասին հիանալի մի վկայություն տալիս, նա հիշատակեց այդ զոհասեղանը։
Արեոպագոսի՝ Արեսի բլրի վրա ներկայացրած իր ելույթը Պողոսը սկսեց հետևյալ խոսքերով. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ» (Գործք 17։22–31)։
Աթենքի այդ զոհասեղանը այդպես էլ չի գտնվել։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ նման զոհասեղաններ գոյություն ունեցել են Հունաստանի այլ մասերում։ Օրինակ՝ երկրորդ դարի հույն աշխարհագրագետ Պավսանիասը հիշատակում է Աթենքից ոչ հեռու՝ Ֆալիրոնում գտնվող ««Անհայտ» կոչված աստվածների» զոհասեղանների մասին («Description of Greece», «Attica» I, 4)։ Նույն աշխատության համաձայն՝ Օլիմպոսում կար «Անհայտ աստվածներին նվիրված մի զոհասեղան» («Eleia», I, XIV, 8)։
Իր գործերից մեկում հույն գրող Փիլոստրատոսը (մ.թ. 170–245 թթ.) նշել է, որ Աթենքում «կան զոհասեղաններ՝ նույնիսկ անհայտ աստվածներին փառավորելու համար» («The Life of Apollonius of Tyana», VI, III)։ Իսկ Դիոգենես Լայերտցին (մ.թ. 200–250 թթ.) իր աշխատություններից մեկում գրել է, որ «անանուն զոհասեղաններ» կարելի էր տեսնել Աթենքի տարբեր մասերում («Lives of Philosophers»)։
Անհայտ աստվածությունների համար զոհասեղաններ էին պատրաստում նաև հռոմեացիները։ Նկարում պատկերված է դրանցից մեկը, որ վերագրվում է մ.թ.ա. առաջին կամ երկրորդ դարերին և գտնվում է Պալատինում Անտիկվարիումում (Հռոմ, Իտալիա)։ Զոհասեղանի վրայի լատիներեն արձանագրությունից երևում է, որ այն կառուցված է եղել ցանկացած «աստծու կամ աստվածուհու» սրբացնելու նպատակով. մի արտահայտություն, որը «հաճախ է հանդիպում աղոթքներում և աստվածությանը սրբացնող խոսքերում թե՛ արձանագրությունների և թե՛ գրական գործերի մեջ»։
Մինչև հիմա էլ շատերին հայտնի չէ «այն Աստուածը, որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ»։ Սակայն, ինչպես ասաց Պողոսը, այդ Աստվածը՝ Եհովան, «հեռու չէ մեր ամեն մէկիցը» (Գործք 17։24, 27, ԱԹ)։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Altar: Soprintendenza Archeologica di Roma