Զգուշացեք մոլորության մեջ ընկնելուց
Խաբեբայությունը նույնքան հին է, որքան մարդկությունը։ Պատմական ամենաառաջին արձանագրություններից մեկը խաբեության մասին է։ Դա այն դեպքն է, երբ Եդեմի պարտեզում Սատանան մոլորեցրեց Եվային (Ծննդոց 3։13; Ա Տիմոթէոս 2։14)։
Թեև երկրի վրա խաբեություն միշտ էլ եղել է, այսօր այն հատկապես է ծաղկում։ Մեր օրերի մասին խոսելով՝ Աստվածաշունչը կանխատեսել է. «Չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին» (Բ Տիմոթէոս 3։13)։
Մարդկանց ջանում են մոլորության մեջ գցել բոլոր առումներով. դրամաշորթները խաբեությամբ փող են կորզում իրենց զոհերից, քաղաքական որոշ գործիչներ, իրենց իշխանությունը ամեն գնով պահպանելու վճռականությամբ լի, մոլորեցնում են ընտրողներին։ Մարդիկ նույնիսկ իրենք իրենց են մոլորեցնում՝ աչք փակելով իրողության հանդեպ և իրենք իրենց համոզելով, թե ոչ մի վնաս չկա այնպիսի վտանգավոր բաներով զբաղվելու մեջ, ինչպիսիք են՝ ծխախոտի կամ թմրադեղերի օգտագործումը և անբարո կյանք վարելը։
Մարդկանց խաբում են նաև հավատի հետ կապված հարցերում։ Այդպես էին վարվում, օրինակ, Հիսուսի օրերում ապրող կրոնական առաջնորդները։ Խոսելով այդ խաբեբաների մասին՝ Հիսուսն ասաց. «[Նրանք] կոյր առաջնորդներ են...., եւ երբոր կոյրը կոյրին առաջնորդէ, երկուսն էլ փոսի մէջ կ’ընկնեն» (Մատթէոս 15։14, ԱԹ)։ Նման հարցերում մարդ ինքն էլ կարող է իրեն մոլորության մեջ գցել։ Առակաց 14։12–ում ասվում է. «Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են»։
Զարմանալի չէ, որ այսօր հավատի հարցերում շատերին են մոլորության մեջ գցում, ինչպես որ Հիսուսի օրերում էր։ Պողոս առաքյալի խոսքերով՝ Սատանան «անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է» (Բ Կորնթացիս 4։4)։
Եթե մեզ մոլորության մեջ գցի դրամաշորթը, փող կկորցնենք, եթե՝ քաղաքական գործիչը, կկորցնենք որոշ ազատություն, բայց եթե մեզ մոլորության մեջ գցի Սատանան, այնպես որ մերժենք ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մասին, կկորցնենք հավիտենական կյանքը։ Ուստի զգուշացեք մոլորության մեջ ընկնելուց։ Անկեղծ սրտով ուսումնասիրեք կրոնական ճշմարտության վստահելի աղբյուրը՝ Աստվածաշունչը։ Հակառակ դեպքում՝ շատ բան կկորցնեք (Յովհաննէս 17։3)։