«Նորանք իջան»
«Անդունդները ծածկեցին նորանց. նորանք իջան խորերը ինչպէս քար»։
Ահա այս խոսքերով երգեցին Մովսեսն ու իսրայելացիները՝ տոնելով իրենց ազատագրումը։ Նրանք փրկվել էին՝ անցնելով Կարմիր ծովի միջով, իսկ իրենց եգիպտացի թշնամիները՝ փարավոնն ու նրա զորքերը՝ կործանվել (Ելից 15։4, 5)։
Այդ տպավորիչ դեպքերին ականատես եղածների համար դժվար չէր հասկանալ, թե ինչ դաս պետք է սովորեին այդ ամենից։ Ոչ ոք չի կարող դեմ դուրս գալ Եհովայի իշխանությանը և միաժամանակ կենդանի մնալ։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց իսրայելացիների մեծերից Կորխը, Դաթանը, Աբիրոնը և նրանց 250 համախոհներ բացեիբաց դուրս եկան Մովսեսի ու Ահարոնի իշխանության դեմ, ինչը նրանք Աստծուց էին ստացել (Թուոց 16։1–3)։
Առաջնորդվելով Եհովայի կողմից՝ Մովսեսը զգուշացրեց իսրայելացիներին, որ հեռանան խռովարարների վրաններից։ Դաթանն ու Աբիրոնը՝ շրջապատված իրենց ընտանիքներով, չցանկացան տեղից շարժվել։ Մովսեսը բոլորի ներկայությամբ ասաց, որ Եհովան ինքը հստակորեն ցույց կտա, որ այս մարդիկ «Եհովային անարգեցին»։ Հենց այդ պահին Եհովան բացեց գետինը, որի վրա նրանք կանգնել էին։ «Նորանք եւ բոլոր ինչ որ նորանցն էր ողջ ողջ դժոխքը [եբրայերեն՝ «շեոլ», այսինքն՝ գերեզման] իջան, եւ երկիրը ծածկեց նորանց»։ Իսկ ի՞նչ եղան Կորխն ու մյուս խռովարարները։ «Եհովայից կրակ դուրս եկաւ, եւ խունկ մատուցանող երկու հարիւր յիսուն հոգիներին սպառեց» (Թուոց 16։23–35; 26։10)։
Փարավոնն ու նրա զորքերը, ինչպես նաև անապատում գտնվող խռովարարները կործանվեցին, քանի որ չընդունեցին, որ Եհովան իշխանություն ունի և հոգ է տանում իր ժողովրդի մասին։ Ուստի շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Եհովայի պաշտպանությունն ունենալ այս ծանր օրերում, սովորեն Եհովայի մասին ու հնազանդվեն նրան՝ որպես «Բարձրեալի» ու «Ամենակարողի»։ Այսպես վարվելով՝ նրանք կկարողանան լիովին վստահել Եհովայի հետևյալ խոսքերին. «Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. բայց քեզ չի մօտենալ։ Միայն քո աչքերովը կ’նայիս, եւ ամբարիշտների հատուցումը կ’տեսնես։ Որովհետեւ [դու ասացիր. «Դ]ու ես, Տէր, իմ յոյսը[»։] Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր» (Սաղմոս 91։1, 7–9)։