Ըմբռնո՞ւմ եք Աստծո սերը
ՀՈԲ անունով մի մարդ հետևյալ խոսքերով նկարագրեց անկատար մարդու վիճակը. «Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով։ Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում» (Յոբ 14։1, 2)։ Այդ ժամանակ Հոբի կյանքը լի էր ցավով ու տառապանքով։ Իսկ դուք երբևէ նման բան զգացե՞լ եք։
Չնայած այն բոլոր դժվարություններին ու խնդիրներին, որոնց հետ կարող ենք բախվել՝ ունենք հաստատուն հույս՝ Աստծո կարեկցանքի ու սիրո վրա հիմնված։ Նախ՝ մեր ողորմած երկնային Հայրը հոգ տարավ քավիչ զոհաբերության կատարման համար, որպեսզի մարդիկ ազատվեն իրենց ընկած, մեղավոր վիճակից։ Համաձայն Յովհաննէս 3։16, 17 խոսքերի՝ Հիսուս Քրիստոսն ասել է. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն [Հիսուսին] չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի»։
Բացի այդ, հաշվի առնենք Աստծո բարյացակամ վերաբերմունքը մեր՝ անկատար մարդկանց հանդեպ։ Պողոս առաքյալն ասել է. «Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ» (Գործք 17։26, 27)։ Հապա մտածեցեք. անկատար մարդ լինելով հանդերձ՝ կարող ենք մեր սիրառատ Արարչի՝ Եհովա Աստծո հետ անձնական փոխհարաբերություններ վայելել։
Ուստի վստահությամբ կարող ենք նայել ապագային՝ իմանալով, որ Աստված հոգ է տանում մեր մասին, և սիրուց մղված՝ միջոցներ է ձեռք առնում մեր հավիտենական բարօրության համար (Ա Պետրոս 5։7; Բ Պետրոս 3։13)։ Ուրեմն՝ բոլոր հիմքերը կան Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով մեր սիրառատ Աստծո մասին ավելի շատ սովորելու։