Երբեք ուշ չէ սովորել
ՔՍԵՆԻԱՆ ծնվել է 1897 թ.–ին։ Նա ունի 3 դուստր, մեկ որդի, 15 թոռ և 25 ծոռ։ Իր ողջ կյանքը նա ապրել էր համաձայն այն ամենի, ինչ սովորել էր ծնողներից։ Ու թեև պատերազմի մեջ ընկղմված Աբխազական հանրապետությունից (գտնվում է Սև ծովի և Կովկասի միջև) ստիպված գաղթել էր Մոսկվա, միանգամայն գոհ էր իր կյանքից և հատկապես այն հավատից, որ իր նախնիների թողած ժառանգությունն էր համարում։
1993 թ.–ին Քսենիայի դուստրը՝ Մերին, դարձավ Եհովայի վկա։ Նա սկսեց պատմել Քսենիային Եհովա Աստծո և Աստվածաշնչի մասին, բայց վերջինս չէր ցանկանում լսել՝ ամեն անգամ իր աղջկան ասելով. «Ինձ համար շատ ուշ է նոր բան սովորել»։
Սակայն Մերին, Լոնդան (թոռան կինը) և նրա ծոռներից Նանան ու Զազան (բոլորն էլ Եհովայի վկաներ են) շարունակում էին խոսել նրա հետ Աստվածաշնչի մասին։ 1999 թ.–ին, մի երեկո նրանք Քսենիայի համար աստվածաշնչյան խոսքեր կարդացին, որոնք հասան նրա սրտին։ Դրանք այն սրտահույզ խոսքերն էին, որ Տերունական ընթրիքը հաստատելիս Հիսուսն ասել էր իր առաքյալներին (Ղուկաս 22։19, 20)։ Այդ երեկո 102–ամյա Քսենիան որոշեց ուսումնասիրել Աստվածաշունչը։
«102 տարի ապրելուց հետո,— ասում է Քսենիան,— վերջապես հասկացա կյանքի իմաստը։ Այժմ գիտեմ, որ չկա ավելի լավ բան, քան Եհովային՝ մեր սիրող և հրաշալի Աստծուն ծառայելը։ Ես դեռ առույգ եմ և առողջ։ Կարողանում եմ կարդալ առանց ակնոցի և ակտիվորեն համագործակցում եմ ընտանիքիս հետ»։
2000 թ. նոյեմբերի 5–ին Քսենիան մկրտվեց։ Նա ասում է. «Այժմ կյանքս նվիրել եմ Եհովային՝ նրան սիրով ծառայելու համար։ Ես պարբերագրեր ու թերթիկներ եմ բաժանում՝ իմ տան մոտ գտնվող կանգառում նստած։ Հաճախ հարազատներս են գալիս ինձ տեսակցության, և ես ուրախությամբ պատմում եմ նրանց ճշմարտությունը Եհովայի մասին»։
Քսենիան սպասում է այն օրվան, երբ «նորա մարմինը փափուկ կ’լինի երեխայի մարմնից, նա ետ կ’դառնայ իր մանկութեան [երիտասարդության] օրերին» (Յոբ 33։25)։ Եթե հարյուր տարեկան մարդը չի կարծում, որ նրա համար չափազանց ուշ է Աստվածաշնչից սովորել, թե որն է կյանքի իմաստը, ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։