Քամու դեմ եղող պատսպարանի պես
ԵՎՐՈՊԱՅԻ ալպյան բարձունքներում կարող եք հանդիպել դիմացկուն մի բույսի, որը կոչվում է ալպյան վարդ։ Հաճախ աճելով խիտ ու կարճ թփերով՝ այս գաճաճ վարդը սեղմվում է հողին՝ ուժեղ լեռնային քամիներից պաշտպանվելու համար։ Անդադրում քամիները սպառնում են այնտեղի բուսականությանը՝ արմատահան անելով նրանց, իջեցնելով ջերմաստիճանը և չորացնելով օդն ու հողը։
Քամուց փրկվելու համար ալպյան վարդը աճում է ժայռերի ծերպերում, որոնք թեև հարուստ չեն հողով, սակայն լավ պաշտպանություն են հանդիսանում և հնարավորություն են տալիս բույսին պահպանելու ջրի իր պաշարը։ Տարվա մեծ մասը թաքնված՝ այս վարդերը ամռանը իրենց լեռնային ապաստարանը զարդարում են վառ կարմիր ծաղիկներով։
Եսայիա մարգարեի խոսքերով՝ Աստված «իշխաններ» պիտի նշանակեր, որոնցից յուրաքանչյուրը նույնպես ծառայելու էր որպես «քամիի դէմ եղող պատսպարան» (Եսայիա 32։1, 2)։ Թագավոր Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ՝ հոգևոր առումով այս իշխանները, կամ վերակացուները ամուր ժայռերի նման անսասան կանգնած պիտի լինեին ստրեսների կամ վշտի ժամանակ՝ հուսալի ապաստարան առաջարկելով դժվարությունների մեջ ընկած մարդկանց, օգնելով նրանց պահպանել Աստծո Խոսքում պարունակվող հոգևոր ջրերի իրենց պաշարը։
Հալածանքի, հուսահատության կամ հիվանդության «քամիները» կարող են անընդհատ հարվածել քրիստոնյային, և եթե նա պաշտպանված չլինի, նրա հավատը ամենայն հավանականությամբ կթառամի։ Անհրաժեշտ պաշտպանությունը կարող են տալ քրիստոնյա երեցները՝ ուշադիր լսելով, թե ինչ է պատմում քրիստոնյան իր խնդիրների մասին, նրան աստվածաշնչյան խորհուրդ տալով, խրախուսելով կամ գործնական օգնություն առաջարկելով։ Իրենց՝ նշանակված Թագավոր Հիսուս Քրիստոսի նման՝ երեցները նույնպես ցանկանում են օգնել այն մարդկանց, ովքեր «ցիրուցան» են եղել կամ վնասվել են կեղծ ուսմունքների «քամիներից» (Մատթէոս 9։36, ԱԹ; Եփեսացիս 4։14)։ Ժամանակին ցույց տված այդպիսի օգնությունը կենսական դեր կարող է խաղալ։
«Ես ծանր տարա այն օրերը, երբ մտերիմ ընկերներիցս մի քանիսը հեռացան ճշմարտությունից։ Բացի այդ, հայրս այդ ժամանակ տանջվում էր ուղեղի արյունազեղումից,— պատմում է Մարիամը։— Փորձելով դուրս գալ դեպրեսիայից՝ սկսեցի հանդիպել մի աշխարհիկ տղայի հետ։ Շուտով, ինձ անարժան զգալով, տեղեկացրի ժողովի երեցներին, որ որոշել եմ թողնել ճշմարտությունը. ես վստահ էի, որ Եհովան չի կարող ինձ սիրել։
Հենց այդ կրիտիկական պահին կարեկից մի երեց հիշեցրեց ինձ ռահվիրայական ծառայության մեջ անցկացրած տարիներս։ Նա պատմեց, որ միշտ հիացել է իմ հավատարմությամբ, և մեղմորեն խնդրեց, որ թույլ տամ երեցներին օգնել ինձ Եհովայի սիրո հանդեպ վստահությունս վերականգնելու հարցում։ Այդ վճռական պահին նրանց սիրով լի հետաքրքրությունը իմ հանդեպ նման էր «պատսպարանի»՝ շուրջս մոլեգնող հոգևոր փոթորիկի ժամանակ։ Ես մի ամսվա մեջ վերջ դրեցի ընկերոջս հետ ունեցած հարաբերություններին և այն ժամանակվանից ի վեր շարունակում եմ քայլել ճշմարտության ճանապարհով»։
Երեցների համար մեծ պարգևատրություն է՝ տեսնել, որ իրենց հավատակիցները հոգևորապես ծաղկում են ՝ շնորհիվ այն պաշտպանության, որը ժամանակին տալիս են նրանց։ Այս «պատսպարանները» օգնում են մեզ նախապես ճաշակել այն առատ հոգևոր օգնությունը, որը վայելելու ենք Քրիստոսի Հազարամյա Թագավորության ընթացքում։