Ծնողնե՛ր, հոգացե՛ք ձեր երեխաների կարիքները
Երեխաները առաջնորդության ու սիրառատ դաստիարակության կարիք ունեն՝ հատկապես իրենց ծնողների կողմից։ Բրազիլացի դաստիարակ Թանյա Զագուրին ասում է. «Յուրաքանչյուր երեխա հակված է զվարճություն փնտրել։ Հարկավոր է նրանց առջև սահմաններ դնել։ Եվ ծնողներն են, որ պետք է դա անեն։ Եթե նրանք թերանում են այս հարցում, երեխաներն անկառավարելի են դառնում»։
Սակայն շատ երկրներում մարդու ազատությանը մեծ տեղ տալը, հասարակության հանդուրժողականությունը կարող են դժվարություն ստեղծել վերոհիշյալ խորհուրդը կիրառելու մեջ։ Այդ դեպքում ո՞ւմ կարող են դիմել ծնողները օգնության համար։ Աստվածավախ ծնողներն ընդունում են, որ իրենց երեխաները «Տիրոջ ժառանգութիւնն են» (Սաղմոս 127։3)։ Ուստի իրենց երեխաների դաստիարակության հարցում նրանք դիմում են Աստծո Խոսքին՝ Աստվածաշնչին, և առաջնորդվում նրա խորհրդով։ Օրինակ՝ Առակաց 13։24 խոսքում ասվում է. «Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան»։
Աստվածաշնչում «գավազան» բառը օգտագործված չէ մատնանշելու զուտ ֆիզիկական պատժամիջոցը. այստեղ ի նկատի ունի երեխային կրթելու միջոցները՝ ինչպիսին էլ որ դրանք լինեն։ Իհարկե, շատ հաճախ միայն խոսքը բավարար է լինում, որպեսզի նա դադարի կամակորություն անել։ Առակաց 29։17 խոսքն ասում է. «Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կ’հանգստացնէ. եւ սփոփանք կ’պատճառէ քո հոգիին»։
Երեխաները սիրառատ դաստիարակության կարիք ունեն, որպեսզի ազատվեն իրենց բնավորության անցանկալի գծերից։ Հաստատակամությամբ ու սիրով տրվող դաստիարակությունը վկայում է երեխայի հանդեպ ծնողի հոգատարության մասին (Առակաց 22։6)։ Ծնողնե՛ր, մի՛ հանձնվեք։ Հետևելով Աստվածաշնչի հուսալի և գործնական խորհրդին՝ դուք կհաճեցնեք Եհովա Աստծուն և կշահեք ձեր երեխաների հարգանքը։