«Քո լոյսովն ենք տեսնում լոյս»
Լույսը հաճախ մարդկանց համար սովորական մի բան է այնքան ժամանակ, մինչև որ այն մարում է և շրջակայքն ընկղմվում է խավարի մեջ։ Բարեբախտաբար մեր երկնային «էներգիայի աղբյուրը»՝ արևը, լիովին հուսալի է, այն երբեք չի մարում։ Արևի լույսի շնորհիվ է, որ կարողանում ենք տեսնել, ուտել, շնչել և ապրել։
Քանի որ լույսը կենսական է կյանքի համար, մենք չենք զարմանում «Ծննդոց» գրքում կարդալով, որ լույսն առաջացել է արարչագործության առաջին օրը։ «Աստուած ասեց. Լոյս լինի. եւ լոյս եղաւ» (Ծննդոց 1։3)։ Պատկառելի մարդ Դավիթ թագավորը միշտ գիտակցում էր, որ Եհովան է կյանքի և լույսի աղբյուրը։ «Կեանքի աղբիւրը քեզ մօտ է,— գրեց Դավիթը.— եւ քո լոյսովն ենք տեսնում լոյս» (Սաղմոս 36։9)։
Դավիթի խոսքերը կարելի է հասկանալ և՛ բառացի, և՛ փոխաբերական իմաստով։ «Բրիտանական հանրագիտարանում» գրված է. «Անշուշտ, լույսի շնորհիվ է, որ գործում է մեր տեսողության զգայարանը»։ Այնուհետև ավելացվում է. «Աչքերի միջոցով ավելի շատ ինֆորմացիա է մուտք գործում ուղեղ, քան ուրիշ զգայարանների» («Encyclopædia Britannica»)։ Այն, ինչը որ մենք իմանում ենք, հիմնականում կախված է մեր տեսողությունից, որի համար լույս է անհրաժեշտ։ Լույսի մասին Գրություններում խոսվում է նաև փոխաբերական իմաստով։
Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը» (Յովհաննէս 8։12)։ Հիսուսի ասած փոխաբերական լույսը դա ճշմարտությունն էր, որ նա քարոզում էր, ինչը կարող էր լուսավորել նրան լսողների մտքերն ու սրտերը։ Հոգևոր խավարի տարիներից հետո Հիսուսի աշակերտները վերջապես կարող էին հասկանալ մարդկանց նկատմամբ Աստծո նպատակը և ունենալ Թագավորության հույսը։ Սա իրոք որ «կենաց լոյս» էր, քանի որ այդ գիտությունը կարող էր առաջնորդել դեպի հավիտենական կյանք։ «Յաւիտենական կեանքը այս է,— ասաց Հիսուսը իր երկնային Հորն աղոթելիս,— որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Թող որ երբեք չթերագնահատենք այս հոգևոր լույսը։