«Կտեսնվենք Աստծո Թագավորությունում»
«Սիրելի՛ ընկեր Ռուփերթ, այսօր ինձ մահվան դատապարտեցին։ Մի՛ վշտացիր ինձ համար։ Իմ սերն եմ հղում քեզ և բոլոր տանը գտնվողներին։ Կտեսնվենք Աստծո Թագավորությունում»։
Այս խոսքերը 1942 թ. հունիսի 8–ին թղթին հանձնեց Ֆրանց Դռոզգը, մինչ նացիստական զինվորները կգնդակահարեին նրան։ Ինչո՞ւ նրան մահապատժի ենթարկեցին։
Ըստ Ժողովրդա–ազգագրական թանգարանում (Մարիբոր, Սլովենիա) գտնվող փաստաթղթերի՝ այս 38–ամյա դարբինը մերժել էր գերմանական զորքերի կողմից օկուպացված Սլովենյայում միանալ Վերմանշաֆթին՝ գերմանական կիսազինվորական դիվիզիային։ Նա Բիբելֆորշեր էր, այսինքն՝ Աստվածաշունչ ուսումնասիրող. այդ տարածքում այդպես էին կոչվում Եհովայի վկաները։ Վարվելով Եսայիա 2։4–րդ խոսքին համաձայն՝ նա չէր աջակցել նացիստական պատերազմին, այլ հայտարարել էր իրեն որպես Աստծո Թագավորության հպատակ (Մատթէոս 6։33)
Իր հայրենի Պտույ քաղաքում Ֆրանցը հայտնի էր որպես Աստծո Թագավորության բարի լուրի եռանդուն քարոզիչ (Մատթէոս 24։14)։ Չնայած շատ դժվարություններին, նա առանց դադարի քարոզել էր բարի լուրը մինչև 1942–ի մայիսը՝ իր բանտարկության օրը։
Սլովենյայում շատ Վկաներ նացիստների կողմից չափազանց ծանր հալածանքների էին ենթարկվում։ Ֆրանցն առաջիններից էր, որ մահվան էր դատապարտվում իր կրոնական համոզմունքների համար։ Առաջին դարի քրիստոնյաների նման, նրան էլ զորացնում էին հետևյալ խոսքերը. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծու արքայութիւնը» (Գործք 14։21)։ Նրա համոզվածությունը այդ երկնային կառավարության իրականություն լինելու մեջ ակնհայտ է իր վերջին խոսքերից. «Կտեսնվենք Աստծո Թագավորությունում»։
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Ֆրանց Դռոզգ. Photo Archive-Museum of National Liberation Maribor, Slovenia; նամակ. Original kept in Museum of National Liberation Maribor, Slovenia