«Կրոնական հանդուրժողականության օր»
ԵՀՈՎԱՅԻ վկաների հետ ունեցած զրույցից ոգևորված՝ Լեհաստանի դպրոցներից մեկի տնօրենն իր դպրոցում «Կրոնական հանդուրժողականության օր» նշանակեց։ Նա առաջարկեց, որ դպրոցականներից մի քանիսը՝ կաթոլիկ, բուդդայական և Եհովայի վկա, կարճ ելույթ պատրաստեն՝ իրենց հավատալիքներն ու սովորույթները դպրոցականներին ներկայացնելու նպատակով։ Երեք պատանի Եհովայի վկաներ անմիջապես իրենց ցանկությունը հայտնեցին։
Երբ այդ օրը եկավ, առաջինը ելույթ ունեցավ տասնհինգամյա Մալվինան։ Իր խոսքում նա այսպիսի մտքեր ասաց. «Ձեզանից շատերը գիտեին մեզ, երբ դեռ չէինք հաճախում այս դպրոցը, քանի որ մենք ձեզ այցելել ենք ձեր բնակարաններում։ Թերևս ձեզ հետաքրքրի, թե ինչու ենք շարունակում այցելել մարդկանց։ Պատճառն այն է, որ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի՝ քրիստոնեության Հիմնադրի օրինակին։ Նա Աստծո Թագավորության մասին բարի լուրը պատմում էր մարդկանց, որտեղ էլ որ հանդիպեր նրանց։ Առաքյալները և մյուս վաղեմի քրիստոնյաներն էլ նույնն են արել։ Շատ վայրերում Եհովայի վկաները ծանր փորձություններ են դիմագրավում հավատի համար, բայց մենք շատ ուրախ ենք, որ մեր դպրոցում խաղաղություն է տիրում, որի պահպանման մասնակիցներն եք դուք՝ բոլորդ։ Մենք երախտապարտ ենք ձեզ դրա համար»։
Եզրափակելով իր ելույթը՝ Մալվինան ասաց. «Մեկ այլ պատճառ էլ կա, որի համար այցելում ենք ձեզ։ Մենք հոգ ենք տանում ձեր մասին։ Աստվածաշնչում ասվում է, որ շուտով աշխարհը ցնցող դեպքեր կպատահեն։ Ուստի, երբ հաջորդ անգամ թակենք ձեր դուռը, խնդրում եմ, ժամանակ տրամադրեք մեզ լսելու։ Մենք սիրով կպատմենք, թե ինչպես կարող ենք միասին հավիտյան ապրել երկրի վրա՝ դրախտային պայմաններում»։
Հաջորդ Վկան Մաթեուշն էր. նա ևս 15 տարեկան է։ Մաթեուշը դպրոցականներին պատմեց, որ տարիների ընթացքում Եհովայի վկաները բարի լուրը տարածելու համար տարբեր միջոցներ են գործածել։ Օրինակ՝ 1914–ին (անձայն կինոնկարների ցուցադրման տարիներին) Եհովայի վկաները ցուցադրում էին «Արարչության լուսադրաման», որը շարժապատկերներով և սլայդներով, միևնույն ժամանակ ձայնային էֆեկտներով ֆիլմ էր։
Մաթեուշն ընդգծեց Թագավորության պատգամը տարածելու գործում ռադիոյի կատարած դերը, ապա պատմեց ունիկալ էլեկտրոնային լուսաշարվածքի համակարգչային բազմալեզու համակարգի (MEPS) մասին, որը ստեղծել են Եհովայի վկաները։ Խոսեց նաև այն մասին, թե Եհովայի վկաները ինչպիսի օգնություն են ցույց տվել բժիշկներին՝ առանց արյան ներարկման բուժումներ կատարելու մեթոդների մասին տեղեկություններ տրամադրելով։ «Այժմ նշանավոր լեհ բժիշկները դրականորեն են արտահայտվում մեր տեսակետի վերաբերյալ և նշում են, որ ամեն տարի գնալով ավելի մեծ թվով ոչ Վկա հիվանդների վիրահատում են առանց արյան ներարկման»,— ասաց նա։
Իր խոսքի վերջում Մաթեուշն անդրադարձավ Թագավորության սրահների շինարարությանը։ Նա ասաց. «Չէի՞ք ցանկանա այցելել մեր Սրահները։ Այնտեղ մուտքն անվճար է, և գումար չի հավաքվում»։ Իսկ Սասնովեցկում գտնվող Համաժողովների սրահի մասին նա հետևյալն ասաց. «Դուք կարող եք տեսնել այդ հսկայական շինությունը, որտեղ ամեն բան համաչափությամբ է գործում։ Կարող ենք նույնիսկ միասին գնալ։ Մենք մի առաջարկ ունենք, որի մասին ձեզ կհայտնի մեր ընկերուհին՝ Կատարժինան»։
Երրորդը տասնհինգամյա Կատարժինան էր, որը ոգևորությամբ ասաց. «Մենք սիրով հրավիրում ենք ձեզ Սասնովեցկ՝ Եհովայի վկաների շրջանային համաժողովին։ Այնտեղ երիտասարդներին մտահոգող հարցերի շուրջ թեմաներ են հնչելու»։ Կատարժինան խոսեց նաև քրիստոնյաների համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձության՝ Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյի մասին։ Նա ներկաներին խրախուսեց այսպիսի խոսքերով. «Նախորդ տարի ամբողջ աշխարհում այդ արարողությանը ներկա են եղել ավելի քան 14 միլիոն մարդ։ Գուցե միանա՞ք մեզ հաջորդ անգամ»։
Իրենց խոսքն ավարտելուց հետո Մալվինան, Մաթեուշը և Կատարժինան ուսուցիչներին նվիրեցին «Եհովայի վկաները՝ Աստծո Թագավորությունը հռչակողները» գիրքը՝ երկու տեսաերիզների հետ միասին, որոնցում քննարկվում են Եհովայի վկաների հավատալիքներն ու գործունեությունը։a Ուսուցիչները սիրով ընդունեցին այդ նվերը և խոստացան գործածել դրանք պատմություն դասավանդելիս։
Հանդիպումից հետո 12–ամյա Մարտինան հանդիսականների համար կատարեց «Շնորհակալ ենք, Եհովա» վերնագրով երգը։ Այս երիտասարդ Եհովայի վկաները ‘համարձակություն ունեցան Աստծով’ և հիանալի վկայություն տվեցին (Ա Թեսաղոնիկեցիս 2։2)։ Ի՜նչ գերազանց օրինակ են ծառայում նրանք բոլոր երիտասարդ Վկաների համար...
[ծանոթագրություն]
a Հրատարակված են Եհովայի վկաների կողմից։
[նկար 26–րդ էջի վրա]
Մալվինան պատրաստում է իր ելույթը նշանակված օրից մի քանի օր առաջ
[նկար 26–րդ էջի վրա]
Կատարժինան սուրբգրային համարներ է փնտրում ներկաների առջև կարդալու համար