Ի՞նչ կարող ենք սովորել արմավենուց
«Հիասքանչ գեղեցկության վայելչագեղ ուրվանկար»։ Այսպես է նկարագրում աստվածաշնչյան մի հանրագիտարան փյունիկյան արմավենին։ Ինչպես հին ժամանակներում, այնպես էլ այսօր, արմավենիները զարդարում են Եգիպտոսի Նեղոս գետի հովիտը և իրենց ստվերով զովացնում Նեգև անապատի օազիսների շրջակայքը։
Ինչպես արմավենու շատ տեսակներ, փյունիկյան արմավենին էլ զգաստ ու ձիգ, սլացիկ բուն ունի։ Այն հասնում է 30 մետր բարձրության և 150 տարի շարունակ մնում է բերքատու։ Այո, փյունիկյան արմավենին տեսնողին հիացնում է իր գեղեցկությամբ և բերքատվությամբ։ Ամեն տարի նա տալիս է մի քանի ողկույզ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բաղկացած լինել ավելի քան հազար արմավից (խուրմա)։ Մի աշխատության մեջ արմավի մասին գրված է. «Ովքեր.... ճաշակել են արմավը միայն չորացրած վիճակում, որը կարելի է տեսնել խանութների ցուցափեղկերում, հազիվ թե կարողանան պատկերացնել նրա համը թարմ վիճակում»։
Աստվածաշնչում կան որոշ համեմատություններ մարդու և արմավենու միջև։ Աստծուն հաճելի լինելու համար մարդը պիտի լինի բերքատու արմավենու նման՝ բարոյապես «զգաստ» ու շարունակաբար բարի գործեր կատարող (Մատթէոս 7։17–20)։ Ահա թե ինչու և՛ Սողոմոնի կառուցած տաճարի, և՛ Եզեկիելին տեսիլքով ցույց տրված տաճարի պատերը զարդարում էին փորագրված արմավենիները (Գ Թագաւորաց 6։29, 32, 35; Եզեկիէլ 40։14–16, 20, 22)։ Ուրեմն՝ Աստծուն հաճելի երկրպագություն մատուցելու համար անհատը պետք է օժտված լինի փյունիկյան արմավենուն բնորոշ հատկություններով։ Աստծո Խոսքը բացատրում է. «Արդարը արմաւենիի պէս կ’բուսնի» (Սաղմոս 92։12)։