Պատմում են Թագավորության քարոզիչները
Գտնում ենք նրանց, ում դժվար է գտնել
Եհովայի վկաները ջանում են հնարավորին չափ ամեն ինչ անել, որպեսզի Թագավորության լուրը կարողանան հաղորդել յուրաքանչյուր անհատի։ Երբեմն արտակարգ ջանքեր են պահանջվում՝ հանդիպելու նրանց, ովքեր հազվադեպ են տանը լինում (Մարկոս 13։10)։ Դա երևում է հետևյալ դեպքից, որը պատմում է Հարավային Ամերիկայում բնակվող մի հատուկ ռահվիրա.
«Մի օր իմացա, որ նահանգապետը ժամանելու է այն վայրը, որտեղ ծառայում էի կնոջս հետ միասին։ Հաշվի առնելով, որ նա այն մարդկանցից է, ովքեր հազվադեպ են տանը լինում՝ ես նամակ գրեցի նրան և ուղարկեցի աստվածաշնչյան որոշ նյութերի հետ միասին («Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը, «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» ու «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքերը)։ Նամակում բացատրեցի, թե ինչ նպատակի է ծառայում այդ հրատարակություններից յուրաքանչյուրը։
Քանի որ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին կլիներ նրա արձագանքը, նամակում հայտնել էի նրան հանդիպելու իմ ցանկության մասին։ Մի քանի շաբաթ անց ես ընդունելության հրավեր ստացա նրանից ու այնտեղ գնալիս հետս վերցրեցի «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաերիզի մի օրինակ։ Մեր հանդիպումը տևեց մոտ երկու ժամ։ Նրա հետ տեսաֆիլմը դիտելուց հետո հարցրեցի նրան, թե ինչ կարծիքի է իր տեսածի մասին։ Նա պատասխանեց. «Երկրի վրա ուրիշ կազմակերպություն չկա, ինչպիսին որ ձերն է։ Լավ կլիներ, եթե ես էլ ձեզ պես մարդիկ ունենայի. նրանք կօգնեին ինձ իրագործել իմ պետական ծրագրերը»։ Ապա նա հարցրեց ինձ, թե երբևէ եղե՞լ եմ մեր կազմակերպության գլխավոր վարչությունում։ Պատասխանեցի, որ դեռևս 14 տարեկան հասակից մեծագույն ցանկությունս է եղել այցելել Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող գլխավոր վարչությունը, և մինչև օրս դա շարունակում է մնալ ինձ համար անհասանելի։ Մի պահ ուշադիր նայելով՝ նա ասաց, որ ցանկանում է նման հնարավորություն ընձեռել ինձ։ Հետագայում նա հոգ տարավ, որպեսզի ես և կինս մեկնելու կառավարական թույլտվություն ստանանք և ինքնաթիռի տոմսեր նվիրեց մեզ։
Նահանգապետն այժմ կանոնավորաբար «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր է ստանում։ Հուսով ենք, որ շուտով հնարավորություն կունենանք նրա հետ ուսումնասիրել Աստվածաշունչը»։