Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ Բ Պետրոս 3։13 համարում խոսվում է «նոր երկինքների [հոգնակի] և նոր երկրի» մասին, իսկ Յայտնութիւն 21։1–ում՝ «նոր երկնքի [եզակի] ու նոր երկրի» մասին։
Սա հիմնականում բնագրի լեզուների քերականական մանրամասնություն է։ Դա կարծես թե որևէ հատուկ նշանակություն չունի, որ իմաստի վրա ազդեցություն ունենա։
Նախ՝ ուշադրություն դարձնենք Եբրայերեն գրություններին։ Բնագրում շամայիմ բառը՝ թարգմանված «երկինք(ներ)», միշտ հոգնակի թվով է։ Այն, ըստ երևույթին, արտացոլում է ոչ թե գերազանցության, այլ «տեղային ընդարձակման» հոգնակիի կամ՝ «անթիվ առանձին մասերից կամ կետերից բաղկացած ամբողջության» գաղափարը։ Սա հասկանալի է այն բանից, որ ֆիզիկական երկինքը բոլոր ուղղություններով տարածվում է երկրագնդից շատ ու շատ հեռու և իր մեջ ներառում է միլիարդավոր աստղեր։ Երբ շամայիմ բառից առաջ որոշիչ հոդ է դրված լինում, «Նոր աշխարհ» թարգմանությունը այն գրեթե միշտ տալիս է «երկինքներ» ձևով, ինչպես Եսայիա 66։22–ում (ՆԱ)։ Երբ շամայիմ–ը հայտնվում է առանց որոշիչ հոդի, ապա այն կարող է թարգմանվել եզակիով («երկինք», ինչպես Ծննդոց 1։8; 14։19, 22; Սաղմոս 69։34–ում) կամ հոգնակիով («երկինքներ», ինչպես Ծննդոց 49։25; Դատաւորաց 5։4; Յոբ 9։8; Եսայիա 65։17–ում, ՆԱ)։
Երկու համարներում էլ՝ Եսայիա 65։17 և 66։22 (ՆԱ), «երկինքներ» բառի եբրայերենը հոգնակի թվով է, ուստի, հետևողականություն պահպանելու համար ընտրվել է «նոր երկինքներ և նոր երկիր» տարբերակը։
Հունարեն ուրանոս բառը նշանակում է «երկինք», իսկ դրա հոգնակին՝ ուրանի–ն՝ «երկինքներ»։ Հետաքրքրական է, որ հունարեն «Յոթանասնից»–ի թարգմանիչները Եսայիա 65։17 և 66։22 համարներում օգտագործել են այդ բառի եզակին։
Իսկ ի՞նչ կարելի է ասել քրիստոնեական Հունարեն գրություններում երկու անգամ հանդիպող «նոր երկինք [կամ երկինքներ] և նոր երկիր» (ՆԱ) արտահայտության մասին։
Ա Պետրոս 3։13–ում առաքյալն օգտագործել է հունարեն այդ բառի հոգնակին։ Իսկ այդ խոսքին նախորդող 7, 10 և 12 համարներում նա խոսում է ներկա ամբարիշտ «երկինքների» մասին՝ հոգնակի թիվ գործածելով։ Հետևաբար, հետևողականություն դրսևորելով, նա 13–րդ համարում նույնպես հոգնակի թիվ է օգտագործում։ Ավելին, այնպես է թվում, որ նա, մեջբերելով այստեղ Եսայիա 65։17–ը, օգտվել է բնագրից, որտեղ եբրայերեն բառը հոգնակիով է դրված, ինչպես Բ Պետրոս 2։22–ում, որտեղ նա օգտվել է Առակաց 26։11–ի եբրայերեն տեքստից։ Այսպիսով՝ Պետրոսը խոսում է այն մասին, որ «Աստծու խոստման համաձայն.... սպասում ենք նոր երկնքի [«երկինքների», ՆԱ] եւ նոր երկրի»։
Թեթևակի տարբերությամբ՝ Յայտնութիւն 21։1–ում Հովհաննես առաքյալը, ամենայն հավանականությամբ, օգտվել է «Յոթանասնից» թարգմանության Եսայիա 65։17 համարից, որտեղ, ինչպես արդեն նշվեց, հունարեն «երկինք» բառը եզակի թվով է գրված։ Հետևաբար, Հովհաննեսը հետևյալը գրեց. «Տեսայ նոր երկինք [եզակի] ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին»։
Սրանք թարգմանության հետ կապված քերականական մանրամասնություններ են։ Կրկին կարելի է նշել, որ այստեղ իմաստային առումով որևէ տարբերություն չի լինի, եթե որևէ մեկը կարդա կամ ասի՝ «նոր երկինքներ» կամ՝ «նոր երկինք»։ Երկու դեպքում էլ իմաստը նույնն է։
[նկար 31–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Աստղեր. Frank Zullo