Աստվածաշունչ ուսումնասիրելուց ձեզ որևէ օգուտ կա՞
«Չի կարելի ընթերցել առանց քահանայի ներկայության»։ Այս զգուշացումը երբեմն հանդիպում է Աստվածաշնչի՝ կաթոլիկների համար նախատեսված որոշ հրատարակությունների սկզբում։ «Մենք՝ կաթոլիկներս, սահմանափակ հնարավորություն ենք ունեցել Աստվածաշնչին ծանոթանալու,— ասում է Քեյ Մուրդին՝ Լոս Անջելոսի կաթոլիկական ինստիտուտի հիմնադիրներից մեկը,— բայց իրավիճակը սկսել է փոխվել»։ Ըստ նրա՝ երբ կաթոլիկներն արդեն համոզվում են, թե Սուրբ գրություններն ինչ մեծ ազդեցություն կարող են ունենալ իրենց կյանքում՝ «նրանք կարիք են զգում խորապես քննելու այն»։
Այս փոփոխության առթիվ «Յու–Էս Քաթոլիք» ամսագրում մեջբերված է կրոնի ուսուցման կազմակերպումն իրականացնող մասնագետի կարծիքը, ըստ որի՝ այն կաթոլիկները, ովքեր մասնակցում են Աստվածաշնչի ուսուցման դասընթացներին, զգում են, «թե ինչ մեծ բանից են զրկված եղել, և թե ի՜նչ հարստության շտեմարան է Աստվածաշունչը։ Նրանք ջանում են գոնե որոշ չափով ետ բերել կորցրածը»։
Այսպես թե այնպես, հարց է ծագում՝ այդ ի՞նչ «հարստություն» է, որ Աստվածաշունչ ուսումնասիրողը կարող է հայտնաբերել։ Դատեցեք ինքներդ. ո՞վ չէր ուզենա իմանալ, թե ինչպես կարելի է գլուխ հանել առօրյա հոգսերից, կամ խաղաղություն հաստատել իր օջախում։ Արդյոք չարժե՞ իմանալ, թե ինչով է պայմանավորված մեր շրջապատում տեղ գտած այսքան կոպիտ ու հակահասարակական վարքը, կամ բռնությունը՝ ներկայիս երիտասարդության շրջանում։ Այս և բազում այլ խճողված հարցերի ստույգ պատասխանը կարելի է ստանալ Աստվածաշնչից՝ Աստծո Խոսքից. դա իհա՛րկե «հարստություն» կլինի, և ոչ միայն կաթոլիկի կամ բողոքականի համար, այլ նաև՝ բուդդայականի, հնդուականի, մուսուլմանի, սինտոյականի, և նույնիսկ՝ աթեիստի ու ագնոստիկի։ Սաղմոսերգուն վկայում էր, որ Աստծո խոսքը «ճրագ» է իր ոտների համար և «լույս»՝ իր ճանապարհին։ Դուք էլ ձեր սեփական փորձով կարող եք համոզվել այդ խոսքերի ճշմարտության մեջ (Սաղմոս 119։105)։