Ընթերցողների հարցերը
Ե՞րբ են կատարվել «ամենասուրբն օծելու» մասին Դանիէլ 9։24–ի մարգարեական խոսքերը։
Դանիէլ 9։24–27 խոսքերում արձանագրվածը մարգարեություն է «Մեսիա իշխանի»՝ Քրիստոսի հայտնվելու մասին։ Ուստի՝ նախագուշակված «ամենասուրբն օծելը» չի վերաբերում Երուսաղեմի տաճարի Սրբությունների Սրբություն կոչվող բաժանմունքի օծմանը։ «Ամենասուրբ» ասելով՝ պետք է հասկացվի Աստծո երկնային սրբավայրը՝ երկնային Սրբությունների Սրբությունը, որը գտնվում է Եհովայի մեծ հոգևոր տաճարում (Եբրայեցիս 8։1–5; 9։2–10, 23)։a
Իսկ ե՞րբ սկսեց գործել Աստծո հոգևոր տաճարը։ Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Հիսուսը մ.թ. 29–ին ներկայացավ մկրտվելու։ Իր կյանքի այդ պահից սկսած՝ Հիսուսը կատարեց Սաղմոս 40։6–8 խոսքերը։ Հետագայում Պողոս առաքյալը գրեց Հիսուսի՝ Աստծուն ուղղված աղոթքի խոսքերը. «Զոհեր և պատարագներ չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար» (Եբրայեցիս 10։5)։ Հիսուսը գիտեր, որ Աստված ‘չէր ցանկանում’, որ Երուսաղեմի տաճարում շարունակեին անասնական զոհեր մատուցել։ Փոխարենը՝ Եհովան Հիսուսի համար կատարյալ մարմին պատրաստեց, որպեսզի այն զոհաբերվեր։ Արտահայտելով իր սրտաբուխ ցանկությունը՝ Հիսուսը շարունակեց. «Ահա՛ւասիկ եկայ՝ քո կամքը կատարելու, ո՜վ Աստուած (ինչպէս իմ մասին գրուած է օրէնքի գրքում)» (Եբրայեցիս 10։7)։ Իսկ ինչպե՞ս արձագանքեց դրան Եհովան։ Մատթեոսի ավետարանում կարդում ենք. «Երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։ Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»» (Մատթէոս 3։16, 17)։
Այն, որ Եհովա Աստված իր հավանությունը հայտնեց, երբ Հիսուսը ներկայացրեց զոհաբերության համար նախատեսված իր մարմինը, նշանակում էր, որ Երուսաղեմի տաճարի բառացի զոհասեղանից ավելի մեծ զոհասեղան էր ի հայտ եկել։ Վերջինս ներկայացնում էր Աստծո «կամքը», որի վրա նա ընդունելու էր Հիսուսի մարդկային կյանքը որպես զոհ (Եբրայեցիս 10։10)։ Հիսուսին սուրբ ոգով օծելը նշանակում էր, որ Աստված գործի էր դրել իր հոգևոր տաճարի ողջ կարգավորումը։b Հետևաբար՝ Հիսուսի մկրտության ժամանակ օծվեց՝ առանձնացվեց Աստծո երկնային բնակավայրը՝ դառնալով հոգևոր մեծ տաճարի «ամենասուրբը»։
[ծանոթագրություններ]
a Աստծո հոգևոր տաճարի տարբեր առանձնահատկությունների մասին մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել «Դիտարան» պարբերագրի 1996 թ. հոկտեմբերի 1–ի համարում, էջ՝ 11–16։
b Այս մասին հիշատակում կա «Ուշադրութիւն ընծայեցէ՛ք Դանիէլի մարգարէութեան» գրքում, էջ՝ 195։
[նկար 27–րդ էջի վրա]
«Ամենասուրբը» օծվեց այն պահին, երբ Հիսուսը մկրտվեց