«Առողջությանը սպառնացող գաղտնի վտանգ»
Համակարգչային միջոցների՝ սեռային նպատակով օգտագործման ուղղությամբ վերջերս անցկացված հետազոտությունները կանգնեցնում են զարմանալի փաստի առջև. ԱՄՆ–ում ինտերնետի հետ գործ ունեցող հասուն տարիքի մարդկանց մեկ երրորդը որևէ ձևով օգտվում է սեռային թեմայով web–հանգույցներից։ Ներկայումս մեծ թվով մարդիկ իրենց կրքերին են տրվում ինտերնետի միջոցով։ «Առողջությանը սպառնացող այս գաղտնի վտանգը շարունակում է տարածում գտնել մասամբ այն պատճառով, որ քչերն են դա համարում որպես այդպիսին կամ՝ որևէ կարևորություն տալիս դրան»,— ասում է Ստենֆորդի համալսարանի դոկտոր, հոգեբան Ալ Կուպերը, որի գլխավորությամբ անցկացվել են այդ հետազոտությունները։
Հիմնականում ովքե՞ր են ենթակա համակարգչային սեռազգացության վտանգին։ Ըստ դոկտոր Կուպերի՝ «նրանք, ովքեր գուցե ինչ–ինչ պատճառներով կյանքում զրկված են եղել իրենց սեռական զգացումներն արտահայտելու հնարավորությունից՝ ստիպված լինելով հաշտվել այդ սահմանափակման հետ», իսկ ինտերնետը նրանց առջև «միանգամից անսահման հնարավորություններ է բացում»։
Սեռային թեմաներով էջերից օգտվողները մեծամասամբ կարծում են, թե ձեռք են բերել միանգամայն անվնաս ու ապահով միջոց։ Բայց իրո՞ք դա այդպես է։ Ինչպես թմրամոլությամբ զբաղվողի օրգանիզմն է վարժվում այն թմրանյութի ազդեցությանը, որից կախվածության մեջ է ընկել, այդպես էլ համակարգչային սեռազգացության մոլուցքով տարված անհատը սկսում է ինտերնետում փնտրել ավելի ու ավելի մեծ «դոզա», որպեսզի հագուրդ տա իր կրքերին. ինչի պատճառով էլ նրանք կարող են անգամ կորցնելու վտանգի տակ դնել իրենց աշխատանքը կամ ամուսնական զույգի հետ ունեցած փոխհարաբերությունները։
Այնուհանդերձ, ովքեր ձգտում են հաճելի լինել Աստծուն, ունեն լրացուցիչ պատճառ ևս՝ խուսափելու ինտերնետի նմանատիպ օգտագործումից։ Աստծո Խոսքում կարդում ենք հետևյալ նախազգուշացումը. «Ուստի ձեր երկրաւոր անդամները սպաննեցէք. պոռնկութիւնը, պղծութիւնը, անսանձ կիրքը, չար ցանկութիւնը եւ ագահութիւնը, որ կռապաշտութիւն է. որոնց համար Աստուծոյ բարկութիւնը անհնազանդութեան որդիներուն վրայ կու գայ» (Կողոսացիս 3։5, 6, Արևմտ. Աստ.)։ «Սպանել երկրային անդամները», այսինքն՝ ազատագրվել անմաքուր մարմնական ցանկություններից, անհատին կհաջողվի այն դեպքում, եթե խոր սեր ունենա Եհովա Աստծո հանդեպ (Սաղմոս 97։10)։ Եթե որևէ մեկը սկսում է հանկարծ հրապուրվել առողջության համար վտանգավոր այդ զբաղմունքով, ապա նրան հարկավոր է Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի ջանադիր ուսումնասիրությամբ զորացնել իր սերն առ Աստված։ Եհովայի վկաների հետ առողջ ընկերակցությունը տեղի Թագավորության սրահում մեծապես կնպաստի, որպեսզի տվյալ անհատի մեջ ամրանա Աստծուն հաճելի անձնավորություն լինելու վճռականությունը։